Բաժիններ՝

Ի՞նչ է սպասում «Արսենալին» նոր մարզչի հետ

Ունայի Էմերին նշանակվել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ: Ֆուտբոլային փորձագետները նշում են, որ Էմերին առաջին հերթին պետք է օգնի անգլիական ակումբին հաղթել Եվրոպա լիգայում և լինել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում:

Ինչպե՞ս Էմերին կփոխի «Արսենալը»

Մինչև մասնագետները հասկանում են, թե որքանո՞վ է դրական կամ բացասական Էմերիի նշանակումը, կազմի և թիմի խաղի փոփոխության երեք կետ արդեն իսկ դառնում է ակնհայտ:

1. Խաղի պատրաստությունները

Վենգերի թիմը չէր հարմարվում մրցակիցներին և բոլոր հակառակորդների հետ խաղում էր նույն կերպ: Սա հիմնական նկատառումն է, որ միշտ ասում էին Վենգերին:
Էմերիի գործելաոճն այլ է:

«Յուրաքանչյուր խաղից առաջ ես 12 ժամ տրամադրում եմ տեսանյութեր դիտելուն: Տեսանյութերը շատ կարևոր են: Մեր շտաբը քրտնաջան է աշխատում, որ ֆուտբոլիստները ստանան շատ ինոֆորմացիա: Մի ժամում ֆուտբոլիստները պետք է հասկանան այն, ինչ ես դիտում եմ 12 ժամ»,-նշել է Էմերին:

Էմերիի թիմը նաև մշակում է տեսանյութեր առանձին ֆուտբոլիստների համար՝ նշելով մրցակցի բոլոր քայլերը, որոնց կոնկրետ ֆուտբոլիստները պետք է ուշադրություն դարձնեն: Տեսանյութերը դիտելուն Էմերին շատ լուրջ է վերաբերվում: Մի անգամ նա զգացել է, որ ֆուտբոլիստներից մեկը չի դիտում իր տրամադրած տեսանյութերը, տվել է այդ ֆուտբոլիստին դատարկ կրիչ և հարցրել է, թե արդյո՞ք նա դիտում է տեսանյութերը: «Այո, իհարկե, բոս»,- ասել է ֆուտբոլիստը: Այդ դեպքից հետո Էմերին յուրաքանչյուրին տալիս է 3-4 րոպեանոց տեսանյութեր:

2. Պահանջներ ֆուտբոլիստներին

Տնային աշխատանքները դուր չէին գալիս Նեյմարին, ում մարզում էր Էմերին: Սակայն մարզիչը պայքարել է մինչև վերջ: Էմերին նշում է, որ նա արել է Նեյմարի հետ այն աշխատանքի 50 տոկոսը, որ պետք էր նրան:

Էմերիի շատ պահանջները կոնֆլիկտներ են առաջացրել մի շարք ֆուտբոլիստների հետ, այդ թվում՝ Նեյմարի, Տիագո Սիլվայի, Անխել դի Մարիայի հետ: Էմերին հատկապես խիստ է պաշտպանների հետ: Սա լոնդոնյան ակումբի համար շատ կարևոր է, քանի որ այս մրցաշրջանում պաշտպանները երբեմն խայտառակ էին գործում:

3. Խաղի ոճը

Էմերին նշում է, որ ինքը շատ ճկուն մարզիչ է: «Մենք կարող ենք օգտագործել ամենատարբեր սխեմաները: Ինձ համար հիմնականը 4-3-3-ն է: Դա շատ լավ է գնդակի ղեկավարման և պրեսինգի համար: Բայց առանձին խաղերում մենք օգտագործում ենք ուրիշ սխեմաներ: Ամենակարևորը խաղադաշտում բալանսը գտնելն է»:

Առաջին ասուլիսի ժամանակ Էմերին նշեց, որ իր համար շատ կարևոր են ակումբի արժեքները: Դա Էմերին, պահպանելու է նաև ակումբի խաղաոճում: Սակայն, ըստ նրա՝ փոփոխություններն ու նորարարությունները լինելու են պարտադիր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս