Արաբական պետությունների լիգան դադարեցրեց համագործակցությունը Գվատեմալայի հետ
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) լուծարել է Գվատեմալայի ԱԳ նախարարության հետ փոխըմբռնման հուշագիրը եւ դադարեցրել համագործակցությունը լատինամերիկյան այդ երկրի հետ՝ Թել Ավիվից Երուսաղեմ նրա դեսպանության տեղափոխման պատճառով:
«ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Գեյթի հրահանգներին համապատասխան, կազմակերպության քարտուղարությունը լուծարեց Գվատեմալայի ԱԳՆ-ի հետ 2013 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ գվատեմալական կողմին ծանուցեց, որ բոլոր բնագավառներում համագործակցությունը չի շարունակվի Երուսաղեմի խնդրի նկատմամբ այդ երկրի դիրքորոշման պատճառով»,-ասված է փաստաթղթում:
Մայիսի 16-ին Գվատեմալան դարձել է կենտրոնամերիկյան առաջին երկիրը եւ ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ երկիրը, որն իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ: Այնուհետեւ նրանց օրինակին հետեւեց Պարագվայը:
Ավելի վաղ ԱՊԼ-ն հայտարարել է, որ մտադիր է պլան մշակել ԱՄՆ-ի եւ ցանկացած այլ պետության կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն հակազդելու համար: Մասնավորապես, քաղաքական, իրավաբանական ու տնտեսական միջոցներ են մշակվում ապագայում նման քայլեր թույլ չտալու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: