Բաժիններ՝

«Դատախազը չի ապահովում օբյեկտիվ քննությունը, ու դրա պատճառները, ոնց որ թե, սկսում ենք հասկանալ». Ալեքսանդր Սիրունյանը՝ իր և փաստաբան Կարեն Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին

Քաղաքացու հաղորդման հիման վրա փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործը պատվեր է, այն քննվում է արդեն 4 ամիս, իսկ իրավապահները, հատկապես՝ դատախազությունը, չեն ցանկանում օբյեկտիվ քննություն կատարել:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ում խոսքով՝ դեռ 2016թ. ամռանից պաշտպանել են տեխզննման կեղծ կտրոնների վերաբերյալ հայտնի քրեական գործով մեղադրվող Սամվել Բարխոյանի շահերը, և հարուցված նոր քրեական գործը կապված է հենց այդ գործի հետ:

«Խնդիրը հետևյալն է: 2016 թվականի ամռանից պաշտպանել ենք տեխզննման կեղծ կտրոնների վերաբերյալ հայտնի քրեական գործով մեղադրվող Սամվել Բարխոյանին: Որոշ ժամանակ անց՝ 2016 թվականի սեպտեմբերի 3-ի ժամը 22:30-ի սահմաններում, դատարանն ազատեց Սամվել Բարխոյանին կալանքից՝ կիրառելով գրավ 2 մլն դրամի չափով:

Կապվել ենք Սամվել Բարխոյանի եղբոր՝ Խորեն Բարխոյանի հետ, որն այն ժամանակ աշխատում էր Էրեբունու ոստիկանության պետի տեղակալ, գնացել ենք Էրեբունու ոստիկանություն, Խ.Բարխոյանը կանչել է Սամվել Բարխոյանի ավագ որդուն՝ հայտնի երգիչ Վլադիմիր Բարխոյանին, Վոլոդյան բերել է գրավի գումարը, ես, Վոլոդյան ու իր քույրը՝ երգչուհի Մարգարիտա Բարխոյանը, գնացել ենք օդակայան (գիշերն այնտեղի բանկը աշխատում է), վճարել ենք գրավը և Սամվել Բարխոյանին բանտից տարել տուն: Շուրջ 2 ամիս անց Վերաքննիչ դատարանը վերացրել է կիրառված գրավը և Սամվել Բարխոյանին նորից կալանավորել: Քանի որ գրավի գումարը վճարվել էր իմ անունից, Վերաքննիչ դատարանը այդ գումարը հետ է վերադարձրել ինձ:

Դրանից հետո հայտնվել են երկու կին՝ Սամվել Բարխոյանի քույրը և երկրորդ կինը՝ ասելով, որ գումարը տվեք: Ասել ենք՝ կտանք, բայց ոչ ձեզ: Ըստ պայմանագրի՝ մեր վստահորդը Սամվել Բարխոյանն է, պայմանագիրը իրեն պաշտպանելու մասին կնքել է իր եղբայր Ապրես Բարխոյանը, իրականում մեր շփումը Սամվելի ընտանիքի հետ եղել նրա մյուս եղբայր, ոստիկան Խորեն Բարխոյանի հետ ու նրա միջոցով, գրավի գումարը մեզ տվել է Սամվել Բարխոյանի որդի Վլադիմիր Բարխոյանը (որը Ձեր որդին չէ): Այս պայմաններում Ձեզ ո՞նց կարող եմ գումար տալ:

Միաժամանակ, հարգելի կանայք, Ձեր ազգական հիշյալ տղամարդկանց, մասնավորապես՝ Սամվելի եղբայրներին, ասեք, որ ամիսներ շարունակ պայմանագրով նախատեսված գումարը (1 մլն դրամից ավել), չեն վճարել ու, չգիտես ինչու, սկսել են չպատասխանել իմ զանգերին: Ասում են՝ գիտեք, Ապրես Բարխոյանը կոմայի մեջ է, իսկ Խորեն Բարխոյանին նշանակել են Արթիկի ոստիկանապետ, շատ զբաղված ա: Ասում եմ՝ դա չի նշանակում, որ ուրիշ մարդու գումարը Ձեզ պետք է տամ: Հաջողություն:

Մոտ մեկ տարի անց, Սամվել Բարխոյանի քույրն ու երկրորդ կին ներկայացածը Կենտրոնի ոստիկանություն դիմում են ներկայացրել այն մասին, որ իբր հիշյալ օրը՝ 2016 թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 7-8-ի սահմաններում (դա շատ կարևոր է, ի դեպ), ինձ ու Կարեն Կիրակոսյանին Կենտրոնի դատարանի շենքի մոտ տվել են գրավի գումար՝ 2 մլն 150 հազար դրամի չափով, որը մենք յուրացրել ենք: Հարուցվել է քրեական գործ: Դա չարիքի մի մասն է, որ իրավապահները առանց խորանալու, քրեական գործ են հարուցում՝ դասական քաղաքացիաիրավական վեճի նկատմամբ: Մտահոգիչ է, որ այդ քրեական գործը քննվում է արդեն մոտ 4 ամիս, և իրավապահները չեն ապահովում գործի օբյեկտիվ քննությունը:

Իսկ խնդիրը շատ պարզ է. ժամը 7-8-9-ին և նույնիսկ 10-ին մեզ որևէ մեկը գումար տալ չէր կարող, քանի որ, նախ, այդ ժամին ու մինչև գիշերվա 12-ը փաստաբան Ա.Սիրունյանը գտնվել է քաղաքի բոլորովին այլ մասում, ինչը արդեն իսկ հաստատվել է գործի քննությամբ, ժամը 7-8-ին որևէ մեկը մեզ գումար տալ չէր կարող, քանի որ Սամվել Բարխոյանին ազատելու վերաբերյալ դատական նիստը ավարտվել է երեկոյան ժամը 10-ից հետո, ու ոչ մեկը չէր կարող իմանալ, թե ազատվելու է, արդյոք, Բարխոյանը ու եթե ազատվելու է, ապա ինչ գումարի չափով:

Դրա համար Կենտրոնի դատարանից պետք է հանել և ուսումնասիրել Բարխոյանի ազատման գործը: Նշված կանայք էլ այդ ժամին դատարանի շենքի մոտ լինել չէին կարող, քանի որ նախապես Կարեն Կիրակոսյանը արգելել էր Բարխոյանի ազգականներին կանգնել դատարանի շենքի մոտ: Դա էլ է հեշտ պարզվող հանգամանք:

Իսկ գրավի համար 2 մլն-ի փոխարեն մարդուց 2 մլն 150 հազար դրամ վերցնելը աբսուրդ է այնքանով, որ դատարանի որոշման մեջ գրված է 2 մլն դրամ, այդ դատարանի որոշումը չէին կարող չհասկանալ ոստիկան Խորեն Բարխոյանը, որը մինչև օրս երես չունի մեզ հետ զրուցելու, նախկին ոստիկան Սամվել Բարխոյանը, իր եղբայր՝ նախկին ոստիկան Ապրես Բարխոյանը, և իրենց քույրը, որը Մոսկվայում փաստաբանական գրասենյակում է աշխատում: Այս բոլոր հանգամանքները քննիչը պարզելուց հրաժարվում է:

Դա նշանակում է, որ սա սովորական պատվեր է փաստաբանների դեմ: Երբ մարդն ասում է՝ գումարը ինձ տվել է ոստիկան Խորեն Բարխոյանը և երգիչ Վլադիմիր Բարխոյանը, ու դրանից որևէ մեկը չի հրաժարվում, մեզ «համոզում» են, որ՝ Սիրունյան, դու լավ չգիտես եղածը: Պատճառն էլ ասեմ. Սամվել Բարխոյանի պաշտպանության համար մինչև օրս Խորեն Բարխոյանն ու իր ընտանիքը մեր գրասենյակին ըստ պայմանագրի, պարտք են շուրջ 1 մլն 200 հազար դրամ, որը վճարելուց խուսափում են: Ու հիմա ինչ-որ մեկը քննչականի միջոցով անում է շորթման փորձ մեր նկատմամբ»,- մանրամասնեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Նրա խոսքով՝ վիճակի պատճառները սկսում են պարզել. «Քննիչն ունի հարուցված քրեական գործ և պարտավոր է այն քննել: Խնդիր չկա: Հարցեր ունենք դատախազին, որը, ոնց հասկանում ենք, չի տարբերում, քաղաքացիական վեճը, երբ մարդն ասում է այո՛, գումարն իմ մոտ է, սակայն այն չտալու պատճառներ կան, քրեական հանցագործությունից՝ յուրացումից: Չնայած, ինչի՞ եմ զարմանում: Բոլորովին վերջերս էլի նույն շրջանի դատախազության թեթև ձեռքով մեր վստահորդը դատապարտվել է յուրացման մեղադրանքով, խնդիրը լուծվեց միայն Վճռաբեկ դատարանում, որը կարևոր նախադեպային որոշում կայացրեց այս տարվա մարտ ամսին, ի վերջո, դատախազներին բացատրելով, թե ինչով է յուրացումը տարբերվում քաղաքացիաիրավական պարտք-պահանջից: Փաստորեն, մարդիկ մինչև այդ դա չգիտեին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս