Նիկոլ Փաշինյանը՝ Ժիրայր Սէֆիլյանի նամակի, Ալեն Սիմոնյանի քաղաքապետ դառնալու լուրերի և ոստիկանական ուժ կիրառելու հնարավորության մասին

«Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեսնում է Ալեն Սիմոնյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում:

Նա ասաց, որ Ա. Սիմոնյանը մանդատը վայր դնելու որոշումն իր հետ չի քննարկել:

Հարցին՝ թե ըստ Ձեզ՝ հայտնի՞ է, թե ինչ վտանգավոր հետևանքների մասին էր խոսում Ժիրայր Սէֆիլյանն իր նամակում, որտեղ ասում էր, որ՝ եթե քաղբանտարկյալներին ազատ չարձակեն, դա վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց.

«Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է, ու այդ գործընթացը կշարունակվի: Ուզում եմ հստակ մի բան արձանագրել, որ չի կարելի բռնության սպառնալիքներով կամ բռնության ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ քաղաքական իրադրության փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որպեսզի մենք կարողանանք սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակենք մինչև վերջ»:

Դիտարկմանը՝ ասում են՝ դուք ձեր «ձեռքերը լվացել եք» «Սասնա ծռերի» խնդրից, Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Պետք է ճշտել՝ ինչ է նշանակում՝ ձեռքերը լվանալ: Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ, որ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, ես հաստատում եմ իմ այդ դիրքորոշումը, որովհետև որևէ նպատակով դատավորներին հրահանգ տալը նշանակում է՝ սկսել սերժսարգսյանացման գործընթաց: Ես այդպիսի գործընթացի մեջ ինձ չեմ տեսնում, եթե մենք մի անգամ դատարանին որևէ հրահանգ տանք, դրանից հետո դատարանն առանց մեր հրահանգի այլևս չի աշխատի: Շատ կարևորում ենք անկախ դատական համակարգի կայացումը ՀՀ-ում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե՝ ձեր այսօրվա հորդորից հետո բողոքի ակցիաները շարունակվեցին, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Եթե այդ անհնազանդության ակցիաներն իրականացվում են հեղափոխության անունից, ուրեմն՝ դրանք պետք է դադարեցվեն, ու պետք է այդ հարցերը բարձրացնելուց քաղաքացիներն աշխատեն կառավարության հետ, որովհետև սա իրենց կառավարությունն է, իսկ եթե դա արվում է սաբոտաժի նպատակով, ուրեմն՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժի գործողություններ անելը նշանակում է՝ սաբոտաժի գործողություններ անել ՀՀ քաղաքացիների, ժողովրդի ու ՀՀ-ի նկատմամբ, և սիրո և հանդուրժողականության մթնոլորտը որևէ մեկը թող չմեկնաբանի՝ որպես թուլության մթնոլորտ: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք ապահովել հանրապետության բնականոն գործունեությունը»:

Հարցին՝ եթե շարունակվեն բողոքի ակցիաները՝ ոստիկանական գործողություններ կլինե՞ն, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ ինքը «եթե»-ներով հարցերի չի պատասխանում. «Ես կոչ եմ արել, և ես ինֆորմացիա ունեմ, որ իմ կոչը ստացել է արձագանք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս