
ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու գործընթացը կտևի շուրջ մեկ տարի

Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) Ուկրաինայի դուրս գալը քաղաքակիրթ մոտեցման դեպքում կարող է տեւել շուրջ մեկ տարի: Այս կարծիքը, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալու գործընթաց սկսելու մտադրության վերաբերյալ Կիեւի արած հայտարարությանը, ապա այդ գործընթացը քաղաքակիրթ մոտեցման դեպքում կպահանջի որոշակի ժամանակ: Խոսքը մոտավորապես մեկ տարվա մասին է»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ այդ կապակցությամբ արած հայտարարությունը դիտարկում ենք որպես հերթական ցուցադրական ակցիա՝ ուղղված այն բանին, որ տպավորություն գործի իր արեւմտյան հովանավորների վրա»,-նշել է Զախարովան, հավելելով, որ «Կիեւի այդ քաղաքականացված գործողություններից տուժում են Ուկրաինայի հասարակ քաղաքացիները»:
Մայիսի 19-ին Պորոշենկոն հայտնել էր, որ հրամանագիր է ստորագրել ԱՊՀ-ի բոլոր կանոնադրական մարմիններից Ուկրաինայի բոլոր ներկայացուցիչներին հետ կանչելու մասին: