Սպանություն Կապանում. դիակը հայտնաբերվել է լոգարանում
Մայիսի 22-ին, ժամը 20.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Շինարարների թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում հայտնաբերել է 1969 թ. ծնված Դավիթ Գալստյանի դիակը՝ դեմքի և գլխի շրջանում վնասվածքներով, և 1954 թ. ծնված Կոնստանտին Ս.-ին՝ ոչ սթափ վիճակում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ի սահմաններում, Կոնստանտին Ս.-ն նշված բնակարանում, ալկոհոլի ազդեցության տակ, անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, դեռևս չպարզված բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Դ. Գալստյանի դեմքին և գլխին, որը ստացած վնասվածքներից մահացել է:
Կոնստանտին Ս.-ն տեղափոխվել է «Կապան Բ/Կ» ՓԲԸ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «ալկոհոլային ինտոքսիկացիա, գանգաթաղի և ճակատային շրջանի պատռած վերք» ու գտնվում է հսկողության տակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատանյութաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: