
Հարրին և Մեգանը հարսանիքից հետո առաջին անգամ ներկայացել են հանրությանը

Արքայազն Հարրին եւ նրա կինը՝ Մեգանը, առաջին անգամ հանրությանը ներկայացել են ընտանեկան զույգի կարգավիճակում: Մայիսի 22-ին նրանք թեյախմության են մասնակցել Բուքինգհեմյան պալատում, որը նվիրված էր արքայազն Չառլզին, տեղեկացնում է BBC-ին:
Արքայազն Չառլզի 70-ամյա հոբելյանի առթիվ թագավորական ընտանիքը մի շարք հանդիսավոր միջոցառումներ է անցկացնում, որոնցից մեկին ժամանել են նաեւ նորապսակները:
Չառլզի ծննդյան օրը, որն այս տարի նշելու է70-ամյա հոբելյանը, նոյեմբեր ամսին է: Այդ օրվա նախաշեմին Բուքինգհեմյան պալատի այգում տեղի է ունեցել թեյախմություն:
Ընդունելությանը ներկա են եղել բարեգործական կազմակերպությունների ավելի քան 6 հազար ներկայացուցիչներ, որոնց օժանդակում են Չառլզը եւ նրա կինը՝ Քամիլան:
Դիմելով հյուրերին՝ արքայազն Հարրին հայտարարել է լռության րոպե՝ ի հիշատակ Մանչեսթրում կատարված հարձակման զոհերի:
Այնուհետեւ նա մեծ ջերմությամբ պատմել է իր հոր վարակիչ եռանդի եւ բարեգործական աշխատանքում նրա խանդավառության մասին: