
«Գյուղատնտեսական վարկերը հաճախ օգտագործել են խոպան գնալու ավիատոմս գնելու, բանակի քեֆ ֆինանսավորելու, հարսանիք, նշանդրեք կազմակերպելու համար». նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը բացատրել է, թե ինչու են գյուղացիները դժվարություններ ունենում գյուղատնտեսական վարկերը մարելու հետ կապված: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանն ասաց, որ խնդիրները բավական լայն են:
«Տոկոսադրույքներն են բարձր եղել, վարկերի օգտագործման արդյունավետությունն է ցածր եղել: Խնդիրները գալիս են նաև նրանից, որովհետև մարդիկ վարկ են վերցրել, սակայն չեն կարողացել գնահատել վարկերի սպասարկման հետ կապված հետագա ռիսկերը: Մենք իսկապես խնդիր ունենք վերանայելու, թե ինչ օժանդակություն և ծառայություն պետք է տրամադրի գյուղացիական տնտեսություններին»,- ասաց Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նպատակահարմար է գյուղատնտեսական վարկերի համաներում իրականացնելը, երբ տեղեկություններ կան, որ գյուղատնտեսական վարկերը հաճախ օգտագործվում են այլ նպատակների համար, նախարարը պատասխանեց.
«Բնականաբար, գյուղատնտեսական վարկերն ավելի մատչելի են, քան մնացած վարկերը և հաճախ դրանք օգտագործել են խոպան գնալու ավիատոմս գնելու, բանակի քեֆ ֆինանսավորելու, հարսանիք, նշանդրեք կազմակերպելու համար:
Կարելի է ուղղակի նայել հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, որ վարկ են վերցրել և բնական կատակլիզմների կամ տնտեսվարման խնդիրների, գների փոփոխման պատճառով տուժել են: Ես գտնում եմ, որ պետք է նայենք և հասկանանք, եթե տեղի է ունեցել չարաշահում, այդ հարցերով պետք է զբաղվել: Եթե եղել է չարաշահում, պետք է լինի դիֆերենցված մոտեցում: Նաև ծավալները պետք է հասկանանք: Պետք է հասկանանք՝ վարկերի 95 տոկոսն ուղղվել է գյուղատնտեսության ոլորտ և միայն այն 5 տոկո՞սն է այսկողմ-այնկողմ եղել, թե՞ պատկերը մի փոքր այլ է: Գնահատենք, հասկանանք, հետո որոշում կընդունենք»,- ընդգծեց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը հանձնարարել է ներկայացնել գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքները վերացնելու առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև դիտարկել գյուղատնտեսական վարկերի համաներման հնարավորությունը: