Արմեն Աշոտյանը մտահոգություններ ունի նոր կառավարության գործունեության վերաբերյալ
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը մի շարք մտահոգություններ հայտնեց նոր կառավարության գործունեության վերաբերյալ:
«Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարն ասում է, որ երբ հորդորի երկրի ՏԻՄ-երի ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան: Ակնհայտորեն սահմանադրականության հետ կապված խնդիր կա այստեղ: Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նորանշանակ նախարարն իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ այլ կուսակցությունից»,- նշեց Ա. Աշոտյանը:
Նա նաև մտահոգություն հայտնեց «այլակարծության և բազմակարծության վերաբերյալ անհանդուրժողականության հետ կապված». «Սահմանադրականության հետ խնդիր եմ տեսնում, երբ երկրի վարչապետը հորդորում է Պաշտպանության նախկին նախարարին հրապարակավ կարծիքներ չհայտնել, օրինակ՝ սոցցանցերով»:
Ա. Աշոտյանը նաև ընդգծեց, որ «Ազգ-բանակ» գաղափարը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ, այն խնդիր է լուծում՝ մոբիլիզացնելու հասարակական ռեսուրսն արտաքին ագրեսիայի դեպքում: Իր խոսքի վերջում Ա. Աշոտյանը հորդորեց բոլոր նրանց, ովքեր կենթարկվեն խտրականությունների քաղաքական հայացքների համար, դիմել նաև իրեն՝ որպես ԱԺ պատգամավորի: