Գերմանիայում վերստին հրաժարվել են ձերբակալել Պուչդեմոնին
Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյնի երկրամասի դատարանը մայիսի 22-ին մերժել է գերմանական դատախազության հերթական պահանջը՝ Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կալանքի տակ վերցնելու Իսպանիային նրա արտահանձնման վերաբերյալ հարցման քննության ընթացքում:
Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Կատալոնիայի նախկին ղեկավարին կալանքի տակ վերցնելու հարցումը դատախազությունն արել էր տակավին մայիսի 9-ին՝ հայտարարելով, որ Մադրիդից ստացել է «նոր տեղեկատվություն», որի համաձայն, մեծ է այն բանի ռիսկը, որ Պուչդեմոնը կարող է փորձել լքել Գերմանիան:
Ներկայում Պուչդեմոնը Գերմանիայում է գտնվում չմեկնելու մասին ստորագրությամբ: Ընդ որում՝ նրան հանձնարարված է՝ կատարել մի շարք կանոններ, այդ թվում՝ շաբաթը մեկ անգամ այցելել ոստիկանության բաժանմունք:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը ձերբակալվել Է Գերմանիայի հյուսիսում մայիսի վերջին այն բանից հետո, երբ Իսպանիան նրա ձերբակալման եվրոպական օրդեր տվեց:
Իսպանիայի արդարադատությունը Պուչդեմոնին մեղադրում է անջատողականության եւ ինքնորոշման շուրջ անօրինական հանրաքվեի կազմակերպման, ինչպես նաեւ պետական միջոցների ապօրինի յուրացման մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: