
Պաղեստինը դիմել է ՄՔԴ-ին երկրի իրադրությունը հետաքննելու խնդրանքով

Պաղեստինը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրել է երկրում ստեղծված իրադրության հետաքննություն սկսել: Այդ մասին մայիսի 22-ին Հաագայում անցկացված մամուլի ասուլիսում հայտնել է արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին՝ ամփոփելով դատախազ Ֆաթու Բենսուդի հետ կայացած հանդիպման արդյունքները:
«Այսօր Պաղեստինը կարեւոր եւ պատմական քայլ է արել պաղեստինյան ժողովրդի համար արդարության վերականգնման ճանապարհին, որը շարունակում է տառապել լայնորեն տարածված եւ սիստեմատիկ բնույթ կրող հանցագործություններից,-նշել է նա:-Որպես Հռոմի ստատուտի մասնակից պետություն, մենք երկրի իրադրությունը հանձնել ենք ՄՔԴ-ի քննությանը»:
«Պաղեստինն այն կարծիքին է, որ դատախազությունը բավարար քանակությամբ անվիճելի ապացույցներ ունի անհետաձգելի հետաքննություն սկսելու համար»,-ասել է Մալիքին:
Նախարարը հավելել է, որ հետաքննությունը վերաբերելու է 2014 թվականի հունիսից մինչեւ ներկայիս իրադրությանը: Նա նաեւ ընդգծել է, որ ՄՔԴ-ին ներկայացված դիմումում գլխավոր ուշադրությունը հատկացվել է «պաղեստինյան տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցմանը», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: