
Նաթանյահուն Իրանը հիմնական խոչընդոտն է համարել Մերձավոր Արևելքի խաղաղության ճանապարհին

Իրանը հիմնական խոչընդոտն է Մերձավոր Արեւելքում խաղաղության տանող ճանապարհին: Այս հայտարարությամբ մայիսի 22-ին հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
«Եթե հարցնելու լինենք Մերձավոր Արեւելքի կառավարությունների եւ ղեկավարների մեծամասնությանը, թե որն է խաղաղության ճանապարհի հիմնական արգելքը, որն է մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը, նրանք կասեն երեք բան՝ Իրանը, Իրանը եւ Իրանը»,- մայիսի 22-ին գրել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը Twitter-ում:
Մայիսի 21-ին Նաթանյահուն ճիշտ է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի նկատմամբ եւ համաշխարհային հանրակցությանը հորդորել է միանալ Թեհրանի վրա ճնշման քաղաքականությանը:
Նույն օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: