
Փաշինյանի կառավարությանը գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնի». Էդուարդ Շարմազանով

«ՀՀԿ-ն պատրաստ է ծավալել քննարկումներ նույն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, և մեր վերջնական որոշման կհանգենք քննարկումների արդյունքում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա` աշխատանքային փաստաթուղթ դեռ չի ներկայացվել, և այս պահին վաղ է դիրքորոշում արտահայտել:
«Խմբակցությունը բաղկացած է 58 պատգամավորից, ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ: Ես մնում եմ այն կարծիքին, որ համամասնական տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են, քան համամասնական բաց ցուցակը: Ինչո՞ւ: Որովհետև այն կուսակցության մի քանի անդամ է որոշում, իսկ տարածքային ցուցակը նաև հնարավորություն է տալիս, որ առնվազն 50%-ով տարածք ընտրողն ուղիղ մասնակցություն ունենա և ընտրի յուրաքանչյուր կուսակցության տարածքային թեկնածուին»,- ասաց Է. Շարմազանովը:
Նրա կարծիքով` ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել ժողովրդավարությանը. «Եվ ես այն մարդկանցից չեմ, որ էյֆորիկ ազդեցության տակ կարծիք փոխի»:
«Փաշինյանի կառավարությանը մենք ընդդիմություն չենք, սակայն գոտկատեղից ներքև հարվածներ չենք հասցնի, լինելու ենք կառուցողական ու պետականամետ ընդդիմություն, որը կգործի բացառապես ՀՀ ժողովրդի ու ՀՀ շահերից»,- հավելեց Է. Շարմազանովը: