«Որոշ տնօրեններ շահարկում են իմ խոսքը». Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ուսուցիչները կարող են ունենալ ցանկացած քաղաքական հայացք, սակայն դա չպետք է արտահայտվի դպրոցում:
«Շնորհակալություն եմ հայտնում այն տնօրեններին, ովքեր իրենց դպրոցները զերծ են պահել քաղաքականությունից: Սակայն… շատերն այդպես չեն վարվել»,- ասաց նա՝ կոչ անելով տնօրեններին դպրոցներում քաղաքական քարոզ չանել:
Նրա խոսքով՝ ուսուցիչներն իրենց քաղաքական հայացքների համար չեն ճնշվի: Դպրոցից դուրս ազատ են ունենալու ցանկացած քաղաքական հայացք, սակայն դա չպետք է արտահայտվի դպրոցում: Որևէ մեկին առավելություն չի տրվելու:
Հարությունյանը նշեց՝ տեղյակ են նաև շատ ուսուցիչների և տնօրենների սոցիալական խնդիրների մասին: Եվ դրանց լուծման ուղղությամբ իրենք արդեն քայլեր ձեռնարկում են, շուտով լուծումներ կտրվեն: Սակայն սոցիալական վիճակը երբեք չպետք է կոռուպցիոն ռիսկերի պատճառ դառնա:
Անդրադառնալով «Վերջին զանգի» համար դրամահավաքներին՝ նախարարն ասաց, որ
չի հանդուրժելու դրանք:
«Որոշ տնօրեններ շահարկում են իմ այդ խոսքը և արգելում են «Վերջին զանգի» միջոցառումներն առհասարակ անցկացնել: Դա ճիշտ չէ: 5000-10000 դրամը լրիվ բավարար է դահլիճը զարդարելու և լավ ժամանց անցկացնելու համար: Շռայլություններ պետք չեն: Այս տարի այս արատավոր երևույթի մի մասը կանխվել է»,- ասաց Արայիկ Հարությունյանը: