«ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասնակի կիրարկման ժամկետներում փոփոխություն չկա». Տիգրան Բալայան

«Հայաստանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման բոլոր ներքին ընթացակարգերն իրականացրել է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո չի փոխվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` Հայաստանի կողմից մասնակի ներդրման գործընթացը սկսելու ժամկետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ հավանաբար մինչև ապրիլի վերջ Հայաստանը կվավերացնի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա սկսելու դրա ժամանակավոր կիրարկումը, մասնավորապես՝ ոլորտային ուղղություններով մոտարկման գործընթացը, մինչև ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացի ամբողջականացումը։

Տիգրան Բալայանը հստակեցրեց, որ Հայաստանի կողմից մասնակի վավերացումն իրականացվել է ամբողջությամբ: Նրա խոսքով, Հայաստանը վավերացման բոլոր ներքին ընթացակարգերն իրականացրել է:

«Այն ժամկետները, որոնք նշված էին մասնակի կիրարկման համար, գործում են, դրանցում փոփոխություն չկա: Նաև Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել այդ փաստաթղթին: Մենք սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների վավերացմանը, որպեսզի ոչ թե մասնակի, այլ ամբողջական կիրառում սկսենք այդ շատ կարևոր գործիքի և համաձայնագրի»,- ասաց Տիգրան Բալայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս