Ինդոնեզիայում բնակչության տարհանում է անցկացվում Մերալի հրաբխի ժայթքումների պատճառով
Ինդոնեզիայի Ճավա կղզում գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 22-ի առավոտյան մոխիր է արտանետել 3,5 հազար մետր բարձրություն, կատարվում է բնակչության տարհանում: Այդ մասին, հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոկյակարտա քաղաքից 30 կիլոմետր եւ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից ավելի քան 520 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերալի հրաբուխը մայիսի 11-ին մոխիր է արտանետել 5,5 կիլոմետր բարձրություն: Ինչպես հայտնել է Նուգրոխոն, հրաբխի ակտիվության կապակցությամբ հրաբխագիտության տեղի գործակալությունը վտանգի մակարդակը բարձրացրել է մինչեւ երկրորդ:
«Ցանկացած վերելք, բացի նրանցից, որոնք իրականացվում են հետազոտական նպատակներով, արգելված է խառնարանից 3 կիլոմետր շառավղով»,-ասել էնա: Ընդամենը, սկսած մայիսի 21-ից, գրանցվել է հրաբխի չորս ժայթքում, դրանցից վերջինը տեղի է ունեցել տեղական ժամանակով մայիսի 22-ին ժամը 01:47-ին: Ժայթքման հետեւանքով առաջացել է մոխրի անձրեւ, որը տեղացել է Սլեման եւ Կլատեն օկրուգներում:
«Անցած գիշերվանից անցկացվել է մարդկանց տարհանում: Տարհանվածների թիվը շարունակում է աճել»,-հայտնել է Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչը:
Ներկայում խոսքը վերաբերում է 660 տարհանվածների: Մերալին ամենաակտիվ գործող հրաբուխն է Ինդոնեզիայում: Դրա խոշոր ժայթքումներ են դիտվում յուրաքանչյուր յոթ տարին մեկ, թույլ ժայթքումներ՝ տարեկան մոտավորապես երկու անգամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: