
Իրանում սնկերից թունավորման զոհերի թիվը հասել է 15-ի

Իրանում տասնհինգ մարդ է մահացել, ավելի քան հազարը տուժել սնկերից թունավորվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով երկրի վթարային ծառայության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդիին: Ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհվածների եւ շուրջ 800 տուժածների մասին:
«Այսօրվա դրությամբ 1017 մարդ ուղարկվել է հիվանդանոցներ, որոնցից 116-ը հոսպիտալացվել են եւ, դժբախտաբար, 15 մարդ մահացել է»,- հայտարարել է Խալեդին: Միքանի օր առաջ հաղորդումներ էին հայտնվել Իրանում սնկերի գործածման հետեւանքով զանգվածային թունավորման մասին:
Մայիսի 19-ին հայտնի էր դարձել մի շարք նահանգներում, գլխավորապես երկրի արեւմտյան մասում՝ Քերմանշահում, Քրդստանում, Լուրեստանում, Զենջանում, Արեւմտյան եւ Արեւելյան Ատրպատականում, ինչպես նաեւ Համադանում ավելի քան 720 մարդու թունավորման եւ ինը զոհվածների մասին: