«Նիկոլ Փաշինյանն այսօր էլ է պատրաստ հանդիպել Ալիևի հետ». Թևան Պողոսյան

«Կա մի երկիր, որը համարում է մեզ իր թշնամին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ խոսելով օրերս հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ԶՈՒ-ի տեղաշարժերի մասին:

Թ. Պողոսյանը նկատեց, որ Ադրբեջանին թվում է՝ Հայաստանում ինչ-որ բան անհանգիստ է, փորձում է օգտվել առիթից. «Չմոռանանք, որ մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է, իսկ Ադրբեջանի համար՝ պարտությունների: Հիմա գալիս է մայիս 28-ը, երբ Ադրբեջանը ներկայացնելու է, որ ինքը 100 տարեկան է, ու փորձելու է ինչ-որ գործընթացներ անել: Մենք մեր օրացույցում ունենք օրեր, երբ Ադրբեջանը, այսպես թե այնպես, իր ակտիվությունը ցուցաբերելու է: Պատկերացրեք՝ եթե կա ինչ-որ փոփոխություններ, թշնամին փորձելու է օգտվի, մենք պետք է պատրաստվենք, որ հակառակորդը չօգտվի այս իրավիճակից»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ Թ. Պողոսյանը նկատեց, որ դա նոր մոտեցում չէ. «1998 թվականից ասել ենք, որ բանակցային ֆորմատը շեղված է, ասիմետրիկ է: Բոլորս էլ գիտակցում ենք, որ Արցախը վաղ թե ուշ գալու է բանակցային սեղանի շուրջ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, կարծում եմ՝ պետք է հետևյալ մեկնաբանությամբ ներկայացնել. եթե Ադրբեջանում կա լուրջ մոտեցում, որ իրենք ուզում են խաղաղ բանակցային ձևով լուծեն, իրենք պետք է գիտակցեն, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ լինի: Եթե՝ ոչ, ուրեմն՝ մենք պետք է հասկանանք, որ Արդրբեջանը չունի ցանկություն՝ արցախյան խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»:

Թ. Պողոսյանը նկատեց նաև, որ Ն. Փաշինյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ անդրադարձ եղել է Ադրբեջանից. «Ալիևն ասաց՝ կգանք՝ էս էլ կվերցնենք, էն էլ կվերցնենք, ինչը նշանակում է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ մեր հակառակորդը պատրաստ չէ բանակցային գործընթացին»:

Հարցին՝ կկարողանա՞ Ն. Փաշինյանը լավ բանակցող լինել, պատրա՞ստ է նա մեկ ամիս հետո հանդիպել Ի. Ալիևի հետ, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Ինձ թվում է՝ այսօր էլ է պատրաստ: Իմ կարծիքն այն է, որ Ն. Փաշինյանն այն ունակությունների տեր մարդն է, որ կարող է ձևավորել այն ճիշտ թիմը, որն իրեն այնպես կնախապատրաստի, որ այսօր էլ կարող է Ալիևին ջախջախել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս