
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին միաձայն՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչում է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, ինչպես նաև ողջունում է Արցախի Հանրապետության ձգտումը՝ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիայի, շարունակել իր ժողովրդավարական ուղին և զարգանալ որպես միջազգային հանրության վստահելի անդամ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ նահանգի պետքարտուղարը լիազորվում է բանաձևի վավերացված պատճենները փոխանցել ԱՄՆ Նախագահին, Ռոդ Այլենդի Կոնգրեսին և ԱՄՆ Պետդեպարտամենտին։
Բանաձևի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով։