«Զարուհի Փոստանջյանը կարող է գա, ես տրամադրեմ իրեն այդ նույն ծառերը, այնտեղի կեղտը, և թող ինքը բարելավի այդ տարածքը». Հրազդանի կիրճում հանգստի գոտի կկառուցվի
Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում գտնվող տարածքը 15 տարով վարձակալած Տիգրան Ավետիսյանը վստահեցնում է՝ այնտեղ իրականացվող աշխատանքներն օրենքի սահմաններում են և թույլատրված են քաղաքապետարանի և Բնապահպանության նախարարության կողմից:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երեկ Հրազդանի կիրճից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարում էր, որ այդ տարածքում ապօրինի շինարարություն է տեղի ունենում, ինչի համար նա պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազին և ոստիկանությանը:
«Տեսնում եք, թե ինչպես են ծառերը հատվում, ինչպես է այստեղ տեխնիկան աշխատում, որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն այստեղ շինարարություն իրականացնելու չկա: Եթե կա էլ, այստեղ շինարարություն իրականացնողները դրանք ձեռք բերած կլինեն կեղծիքի միջոցով: Հաստափոր ծառերի քոքերն արդեն հատվել են, ծառերը կտրվել են: Սա այն պատկերն է, որը տիրում է Երևանի ցանկացած վայրում»,- նշում էր Զ. Փոստանջյանը:
168.am-ի հետ զրույցում վերոնշյալ տարածքը վարձակալող Տիգրան Ավետիսյանը, սակայն, ասաց, որ շինարարություն իրականացնելու համար իրենք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Տ. Ավետիսյանի համար անհասկանալի է այն աղմուկը, որը բարձրացրել են Զ. Փոստանջյանը և մի խումբ այլ քաղաքացիներ՝ այդ տարածքում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ:
Նա պատմեց, որ երեկ Զ. Փոստանջյանի՝ տարածք ժամանելուց առաջ այնտեղ են գնացել նաև այլ քաղաքացիներ, պահանջել են ներկայացնել համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ ինքն ունի այնտեղ աշխատանքներ իրականացնելու թույլտվությունը: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագիծը, ինչպես նաև՝ շինթույլտվությունը, սակայն դա քաղաքացիներին չի բավարարել, ասել են՝ «կեղծիք կա»:
«Ես երեկ իրենց մանրամասն պատմել եմ, որ պատրաստում ենք տաղավարներ, այնտեղ լինելու է հանգստի գոտի, որ մարդիկ գան ու իրենց հանգիստը վայելեն: Այդ ամեն ինչն իրենք չեն հրապարակել, հրապարակել են միայն այն, ինչն իրենց է ձեռք տալիս: Բետոն են ցույց տալիս, ասում են՝ ստեղ ծառ է եղել, բայց այդտեղ ծառ չի եղել, որովհետև ես նկարել եմ ու ապացույց ունեմ, որ այդտեղ ծառ չի եղել, ու շինարարարության ամեն փուլ արվել է օրենքով: Բոլոր փաստաթղթերը տեղում են, եթե ինչ-որ չորացած ծառ էլ կտրվել է, քաղաքապետարանը և Բնապահպանության նախարարությունը տեղյակ են եղել»,- նշեց Տ. Ավետիսյանը:
Հարցին՝ քանի՞ ծառ եք կտրել այդ տարածքում, Տ. Ավետիսյանը պատասխանեց, որ իրենց թույլատրել են կտրել 3 չորացած ծառ, սակայն, թեև տարածքում ավելի շատ չորացած ծառեր են եղել, իրենք կտրել են 2-ը, որոնք դասավորել և պահել են:
«Այնպես չէ, որ ես այդ ծառերն օգտագործելու եմ, Զարուհի Փոստանջյանը կարող է գա, ես տրամադրեմ իրեն այդ նույն ծառերը, այնտեղի կեղտը, և թող ինքը բարելավի այդ տարածքը: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ինձ համար ավելի լավ կլիներ, որ պետությունն ինքը կարողանար դա անել, կամ՝ նույն Զարուհի Փոստանջյանը, որ հետո չգար՝ ինձ ասեր, որ ծառ եմ կտրում: Էդ ծառերը 2 տարի է՝ պառկած են եղել, ոչ մեկի պետքը չի եղել, որ դրանք թեքված, ընկած են եղել ջրի մեջ, կամ ժողովուրդը մտածեր, որ կարելի է հավաքվել, շաբաթօրյակ անել, տարածքը մաքրել ու այդ ծառերը հանել»:
Մենք Տ. Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նոր ծառեր լինելո՞ւ են այդ տարածքում: Ի պատասխան՝ նա ասաց. «Անպայման, ես ներդրում եմ անելու, այնպիսի բերքատու ծառեր ենք այնտեղ տնկելու, որոնք հնարավոր են, քանի որ ամեն ծառ չէ, որ այնտեղ կաճի: Նաև ծաղիկներ ենք այնտեղ աճեցնելու: Ընդհանուր տարածքը լինելու է կանաչապատ»:
Տ. Ավետիսյանն ասաց, որ արդեն 1.5 տարի է, ինչ վարձակալել է այդ տարածքը, սակայն շինարարությունը սկսել է մեկ ամիս առաջ, քանի որ ֆինանսական խնդիրներ ուներ: Տարածքի համար նա վճարում է տարեկան 4 միլիոն 600 հազար դրամ: Բարեկարգման աշխատանքները նախատեսում են ավարտել 1 ամսից, որից հետո տեղի կունենա հանգստի գոտու բացումը:
Մենք Տ. Ավետիսյանից նաև հետաքրքրվեցինք, թե նա նախկինում ի՞նչ գործունեություն է ծավալել: Ի պատասխան՝ նա ասաց, որ 2010-12 թվականները ծառայել է բանակում, որից հետո աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Կապի բաժնում՝ մինչև 2017 թվականը, իսկ 2017 թվականից զբաղվում է այդ տարածքի բարեկարգման աշխատանքներով: