Վարդան Հարությունյանի հրաժարականը՝ կառավարության նիստի օրակարգում

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով օրակարգում 2 հարց ավելացվեց` ՊԵԿ նախագահի հրաժարականի և ՊԵԿ նոր նախագահի նշանակման հարցը, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի ղեկավար ու անդամներ նշանակելու հարցը:

Ն.Փաշինյանը գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց, թե կարկտահարության վնասի ծավալներն ինչքան են:

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ կարկտահարության առաջին դեպքերը մայիսի 8-ին են գրանցվել, տուժել են Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզի համայնքները` 20-90%, վնասվել է հիմնականում պտուղը:

«Ե՞րբ կունենանք ըստ համայնքների դրամական վնասի գնահատականը»,- հետաքրքրվեց վարչապետը:

«Առաջիկա մի շաբաթվա ընթացքում կունենանք»,- պատասխանեց նախարարը:

Ն.Փաշինյանն առաջարկեց տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ հասկանալ, թե ինչ վնասներ ենք ունեցել: Նա արձանագրեց, որ հակակարկտային արդյունավետ համակարգ չունենք, որը լուրջ խնդիր է և տարօրինակ է, որովհետև երկար ժամանակ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ունենան, բայց տեղի չեն ունեցել:

Վարչապետի խոսքով` գյուղատնտեսները լայնածավալ չեն օգտվում հակակարկտային ցանցերի կիրառումից, խնդիրը ֆինանսական է:

Ն.Փաշինյանը նշեց, որ գյուղացիների վարկային բեռի հետ կապված ԿԲ-ի հետ քննարկում է ունեցել, որպեսզի առաջիկայում հնարվորինս արագ մեխանիզմներ մշակեն, որ գյուղացիներին տույժ-տուգանքներից ազատեն, և որոշակի վարկային պատմության համաներման հնարավարություն քննարկեն, որպեսզի մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան և կարողանան իրենց այգիները և բոստանները, իրենց տնտեսությունները պաշտպանելու ուղությամբ միջոցներ ձեռնարկել:

Վարչապետը հույս հայտնեց ակտիվ համագործակցության ԿԲ և համապատասխան փոխվարչապետի միջև, որեպսզի իրավիճակը շատ արագ հաղթահարվի:

 

Տեսանյութեր

Լրահոս