Սրան չէինք ձգտում

Լրագրողների համար տխուր ժամանակներ սկսվեցին: Նոր կառավարության կազմը պաշտոնապես չի հաստատվել: Այսինքն՝ վարչապետը կառավարության գործունեության ծրագիր դեռ չի ներկայացրել ԱԺ: Հետևաբար՝ իրավական տեսանկյունից կառավարության կառուցվածքը, կազմը և ծրագիրը հաստատված չէ:

Բայց նորանշանակ կառավարության գործունեությունն առաջին 100 օրերի ընթացքում չքննադատելու ԶԼՄ-ների «ջենթլմենական» պարտավորվածությունն իր հիմքում իրավական չէ: Այսինքն՝ առաջիկա 100 օրերի ընթացքում մեր մամուլը կբավարարվի միայն նոր կառավարության գործունեության մասին սոսկ տեղեկատվություն հրապարակելով: Այդ 100 օրն էլ հարաբերական ժամանակաշրջան է:

Նրբաճաշակ արարողակարգը, օրինակ, կպահանջի 100 օրը հաշվարկել՝ ոչ թե կառավարության ամբողջական կազմի հրապարակման պահից, այլ` կառավարության ձևավորման իրավական պահից: Այսինքն՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի ընդունումից հետո: Փաստորեն քաղաքական, տնտեսական թեմաներով վերլուծություններ ներկայացնող լրագրողները մոտ երեք ամիս ստիպված են լինելու բավարարվել միայն քաղաքական ու տնտեսական կյանքը ներկայացնող տեղեկատվության ներկայացմամբ:

Այդ թեմայով նույնիսկ հարցազրույցներ հրապարակելը կընկալվի որպես մասնագիտական էթիկետի խախտում: Մինչդեռ անմիջապես հետհեղափոխական շրջանն ինքնին ավելի հետաքրքիր ու ավելի խոսուն է լինելու, քան` հեղափոխականը: Հատկապես մեր թավշյա հեղափոխության պարագային:

Տեսեք, թե ինչ զգացմունքային իրադարձություններ տեղի ունեցան կառավարության ձևավորման պահից: Ծնող-աշակերտ-ուսուցիչ տանդեմը հանրակրթական դպրոցի երկու տնօրեն պաշտոնանկ արեց: Ուսանող-դասախոս- ու չգիտեմ ով տանդեմը` ռեկտոր պաշտոնանկ արեց:

Խառնակ ժամանակները մեծ պոտենցիալ ունեն: Համաշխարհային լավագույն օրինակը նապոլեոնյան զինվորներն են: Նրանց աչքի առաջ իրենց ընկերներից ու սպաներից ոմանք հանրապետության մարշալ դարձան: Նապոլեոնյան զինվորներն իրենց ուսապարկերում մարշալի երևակայական մական էին կրում:

Հենց այդ շրջանում նրանք ջախջախեցին իրենց դեմ ելած եվրոպական բոլոր բանակներին: Հետհեղափոխական ու դրական լիցքերի մեծ պոտենցիալի ժամանակներ էին: Ճիշտ այնպես, ինչպես մեր օրերը: Բայց այս նույն ժամանակներն իրենց մեջ նաև վտանգ են կրում:

Հայտնի մտավորականը մի քանի օր առաջ հրապարակավ դիմեց նոր իշխանություններին՝ զգուշացնելով, որ հարկավոր է ուշադիր լինել, այլապես շշից դուրս կգա քաոսի ջինը: Հիմա մեզանից ոմանք որոշել են, որ մայրաքաղաքի իշխանությունների այգու նորոգման նախագիծն անճաշակ է, և միտինգով կասեցնում են այգու վերակառուցման նախագիծը: Մյուսները քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ՝ շենք ու փողոց են շրջափակում:

Նախկին նաիրիտցիները բողոցի ցույց են անում: Զինկոմիսարիատների աշխատանքից կրճատման տակ ընկած մարդիկ նույն հրապարակային մեթոդներով փորձում են իրենց խնդիրները լուծել: Առավել անհանդուրժողական տրամադրություն ունեցողները փորձում են «Սասնա ծռերի» գործով ձերբակալված բոլոր անձանց քաղբանտարկյալի կարգավիճակ «շնորհել» ու միանգամից ազատել՝ առանց դատ ու դատարանի: Լեբլեբիջիների դասական օրինակ: Ոչ ոքի չենք վստահում: Ոչ հին դատարաններին, ոչ հին տնօրեն-ռեկտոր-քաղաքապետին: Ոչ էլ նոր իշխանություններին:

Դասական լեբլեբիջիի նման՝ ընկեր-բարեկամ-համախոհ հավաքվել ու պահանջներ ենք ներկայացնում: Լավ է՝ «պատվական ծեծ ու ջարդին» դեռ չենք հասել: Բայց արդեն իրար մեղադրում ենք: Մեղադրում ենք հնարավոր ու անհնար, իրական ու անիրական մեղք ու արարքի մեջ:

Բացեք ցանկացած լրատվական կայք ու կարդացեք լուրերի վերնագրերը. ««Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց», «Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ ակցիայի մասնակիցներն այս պահին…», «Երևանի քաղաքապետարանը դիմում է ՀՀ ոստիկանությանը», «Աշխատանքից ազատման դիմում է գրել փոխնախարար (կամ վարչության պետ) X. X.-յանը», «Միայն տնտեսական մոդելների փոփոխությունը բավարար չի: Փաշինյանը պետք է… ասում է քաղաքագետ X. Y.-յանը», «Ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտան և պահանջում են ազատել…»:

Ասեք, որ այս վերնագրերն ավելի չարագուշակ են, քան հեղափոխության ամենաոչթավշյա օրերի վերնագրերը: Մենք հաստատ սրան չէինք (ու հուսով եմ` չենք) ձգտում:

Տեսանյութեր

Լրահոս