Բաժիններ՝

Արցախն առաջին եռամսյակում արձանագրել է 16.1 տոկոս տնտեսական աճ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` Արցախն արձանագրել է 16.1 տոկոս տնտեսական աճ, որի գերակշիռ մասն ապահովել են հանքարդյունաբերությունից ստացված լրացուցիչ եկամուտները: Այս մասին մայիսի 16-ին, ԱՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում հայտարարել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ ընթացիկ տարում ևս հիմնական աճը սպասվում է հանքարդյունաբերությունից:

«Տնտեսության զարգացող ճյուղերի մեջ առաջին հերթին առանձնանում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և ծառայության որոշ ուղղություններ, որոնք կապված են տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության հետ: Սկսված են տասնյակ հիդրոէլեկտրոկայանների շինարարական աշխատանքները, որոնք հնարավոր է իրականացնել ստեղծված ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Քարվաճառում Սոթք-Հաթերք բարձրավոլտի, Դադիվանքի տրանսֆորմատորային կայանի և նոր հզորությունների ավելացման շնորհիվ: Դրանք ծավալային առումով աճ են ապահովելու և՛ շինարարության, և՛ էներգետիկայի բնագավառներում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ճյուղին, պետական նախարարը նշել է, որ այդ առումով ամեն տարի արձանագրվում է և՛ որակական, և՛ քանակական աճ:

«Այս տարի ևս կանխատեսվում է աճ: Ունենք մշակվող հողատարածքների ավելացում: Տեխնոլոգիաների ներկրման, կաթիլային համակարգի տեղադրման արդյունքում աճ ակնկալվում է բերքատվության առումով, իսկ թիրախը այգեգործությունն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս արձանագրելու ենք բարձր ցուցանիշներ, քանի որ տարեկան հարյուրավոր հեկտարներ նոր այգիներ են տնկվում՝ պետական քաղաքականության, նաև ներդրումների ներգրավման շնորհիվ»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Պետնախարարի խոսքով՝ տնտեսական աճի շնորհիվ կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ և իրականացվում բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հանրության սոցիալական վիճակի բարելավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս