Եվրամիությունը կդադարի իրանական նավթի դիմաց դոլարով վճարել
Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է դոլարից եվրոյի անցնել Իրանից կատարվող նավթի մատակարարումների դիմաց վճարելիս: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական մի աղբյուր:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «եվրաեռյակը»՝ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան եւ Իրանը համաձայնել են մշակել տնտեսական կապերի օժանդակման եւ ամրապնդման ծրագիր՝ ի պատասխան միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն: Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Առաջին հերթին, խոսքը վերաբերում է նավթի, գազի եւ նավթամթերքների առեւտրի շարունակմանը, արդյունավետ բանկային գործարքավարություններին, ավիացիոն, ծովային եւ ցամաքային տրանսպորտի ոլորտում Իրանի հետ շփուների շարունակմանը, արտահանական վարկերի տրամադրմանը:
Գործնական որոշումները պլանավորվում է մշակել առաջիկա շաբաթների ընթացքում: Մայիսի 19 – 20-ը նշանակված է էներգետիկայի եւ կլիմայի եվրակոմիսար Արիաս Կանիետեի այցն Իրան: