Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն Վարչապետ՝

Քրեական գործերը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է ինձ:

Մանագիտությամբ  մանկական ինֆեկցիոնիստ եմ և շուրջ 20 տարի աշխատել եմ Արմավիր Բժշկական կենտրոնում: Աշխատանքի այս տարիների ընթացքում հարյուրավոր մանկական կյանքեր եմ փրկել, որի գնահատականը եղել է մարզի ազգաբնակչության շնորհակալական վերաբերմունքը իմ նկատմամբ և ներկայումս ավելի քան 2 տարի զրկված եմ իմ սիրելի  մասնագիտությամբ աշխատելու իրավունքից, 1 տարի է, ինչ գտնվում եմ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Յուրաքանչյուր երեխայի կյանք ինձ համար եղել է ամենաթանկ արժեքը և հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով միշտ պայքարել եմ բաժանմունք ընդունված յուրաքանչյուր երեխայի առողջության և կյանքի համար, որը ինձանից պահանջել է անքուն գիշերներ և հոգեկան ու հոգեբանական ծանր ապրումներ:

Ինքս երեք երեխաների մայր եմ և հաճախ իմ մասնագիտական պարտականությունները կատարել եմ իմ ընտանիքի և երեխաներիս հաշվին, ինչի համար չեմ  զղջացել: Այս ընթացքում էլ Արմավիր ԲԿ-ի նույն բաժանմունքի բժշկուհու նկատմամբ  հարուցվել է քրեական գործ  հիվանդի մահվան փաստի առթիվ, սակայն քննության ընթացքում քրեական գործի վարույթը կարճվել է բժշկուհու արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Մինչդեռ կարծում եմ, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործի ողջ ընթացքը  վկայում է  մեր դատաիրավական համակարգում առկա թերությունների և դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության մեջ առկա անվստահության մասին   և  ինչ որ տեղ միտումնավորության արդյունք է:

Այսպես.

2015թ. հունիսի 17-ին և հունիսի 26-ին հարուցվել են երկու քրեական գործեր և ինձ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  հանդիսանալով «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն և հակատուբերկոլոզային ծառայության պետ և իրականացնելով բժշկական օգնություն իրականացնողի մասնագիտական պարտականություններ, 2015թ. հունիսի 16-ին ինֆեկցիոն բաժանմունք ընդունված Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի` 12-11-2011թ. ծնված Կարինե Հակոբի Հովհաննիսյանին և  Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 30-08-2010թ. ծնված Էրիկ Սերգեյի Ամիրխանյանին բժշկական օգնություն ցուցաբերելիս իմ մասնագիտական պարտականությունները  պատշաճ չեմ կատարել, դրսևորել եմ անփույթ վերաբերմունք,  որի հետևայքնով  անզգուշությամբ առաջացրել եմ  բուժվող հիվանդների մահ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.03.2016թ. որոշմամբ, թիվ 48111415 /Արդ 1/0037/01/15 և թիվ 481225158 /Արդ 1/0046/01/15/ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և քննության առնվել համատեղ։

Նախաքննության ընթացքում  ինձ մեղադրանք առաջադրելու համար հիմք է ընդունվել հիմնականում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունները, որոնք նշանակվել են և կատարվել են, երբ ես եղել եմ վկայի կարգավիճակում և զրկված եմ եղել ինչպես փորձագետներին հարցեր առաջադրելուց, այնպես էլ փորձաքննությանը մասնակցելուց: Նշված փորձաքննությունների եզրակացություններին համաձայն չեմ եղել, քանի որ հստակ չէր երեխաների մահվան պատճառների և իմ գործողությունների կամ անգործության միջև առկա պատճառական կապը:

Մի դրվագով  Կ. Հովհաննիսյանը ինֆեկցիոն բաժանմունքում 2 ժամ 35 րոպե մնալուց  հետո տեղափոխվում է նույն հիվանդանոցի վերակենդանացման  բաժանմունք և  մահանում՝ ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության տոսքիկ շոկից, որը   պատճառահետևանքային կապի մեջ է գտնվել  սուր աղիքային ինֆեկցիայի հետ  (որը բժշկական վիճակագրության անհամատեղելի է կյանքի հետ),  որով երեխան տառապել է կենդանության օրոք, իսկ  ըստ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝  երեխան մահացել է ոչ թե տոքսիկ շոկից այլ հիպովոլեմիկ (ջրազրկում) շոկից:

Մյուս դրվագով Է. Ամիրխանյանը ինֆեկցիոն բաժանմունքում 2 ժամ 10 րոպե  մնալուց հետո  տեղափոխվում է նույն հիվանդանոցի վերակենդանացման  բաժանմունք  և 3 ժամ 25 րոպե մնալուց հետո կրկին տեղափոխվում է «Սուրբ Աստավածամայն  ԲԿ», որտեղ 17 օր հետո  մահանում է ըստ մահվան էպիկրիզի  թարախային մենինգոէնցեֆալիտից, իսկ ըստ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության՝  լուծի պատճառով առաջացած ուղեղի այտույցից, որը առաջացրել է կենսական օրգանների ֆունկցիաների փոփոխություն:

Ոչ նախաքննության ընթացքում ոչ էլ առաջին և երկրորդ ատյանի դատարաններում  չի պարզվել և չի հարթվել վերը նշված հակասությունները երեխաների մահվան պատճառների վերաբերյալ, ինչպես նաև  չի պարզվել  դրանցում  իմ գործողությունների կամ անգործության  պատճառահետևանքային կապը:

Նման պայմաններում մեղադրական դատավճիռ կայացնելը առնվազն միտում էր հետապնդում ինձ հեռացնել իմ մասնագիտական պարտականությունների կատարումից:

Մեծարգո Վարչապետ Ձեր կողմից բազմիցս շեշտվել է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը հասարակության մեջ և կարծում եմՙ որ այսպիսի դատական ակտերն են պատճառը որ այդ անվստահությունը գնալով խորանում է:

Հակառակ դեպքում  շուրջ 6 ամիս Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների օբյեկտիվ և անկողմնակալ գնահատման արդյունքում  այս գործերով կկայացվեր արդարացման դատական ակտ:

Միայն այն փաստը, որ դատարանում   Հայաստանի Հանրապետության  գլխավոր վարակաբան Ա.Ասոյանի և դատաբժշկական հանձնաժողովի նախագահ  Գ. Հարությունյանի տրված ցուցմունքները և գործում առկա դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների միջև հակասությունները չեն արժանացել որևէ գնահատականի, արդեն իսկ վկայում են դատարանների կողմնակալ լինելու փաստը:

Որքանով որ առաջին ատյանի դատարանի  դատաքննությունը հուսադրող չէր այդքանով ոգևորիչ և տպավորիչ էր վերաքննիչ դատարանի, ըստ իս փորձառու  դատավորների,  ցուցաբերած վերաբերմունքը՝ ճշմարտությունը մինչև վերջ բացահայտելու առումով, որը սակայն ունեցավ անկախատեսելի և հանկարծակի ավարտ, ինչի արդյունքում պաշտպանական կողմին թույլ չտրվեց դատարանին  նույնիսկ ներկայացնելու նախապատրաստված միջնորդությունները և ձեռք բերված լրացուցիչ ապացույցները, որոնք մեկ անգամ ևս կհաստատեին իմ անմեղությունը:

Վճռաբեկ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը:

Մեծարգո պարոն Նախագահ, Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով, այս քրեական գործը հասարակական հնչեղություն է ստացել ու լայնորեն քննարկվել է մամուլում:

Կանխավ շնորհակալ եմ:

Մեծագույն հարգանքներով՝ Անահիտ Պետրոսյան
Արմավիր քաղաքի Շևչենկո փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 տուն
Հեռ.093-35-94-90
11.05.2018թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս