Հրանտ Դինքը և հայկական հարցը
Հրանտ Դինքը պոլսահայ լրագրող էր, հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը: Նա Թուրքիայում այն եզակի հայ մտավորականներից էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Մի երկրում, որտեղ տաբուները հաճախ չեն խախտում, նա ինքնարտահայտման ասպարեզում ցուցաբերել է անօրինակ խիզախություն։ Իր ձախակողմյան հայացքների համար ճնշումների չենթարկվելու և տեղի հայ համայնքի համար խնդիրներ չստեղծելու համար նա փոխում է անունը՝ վերցնելով «Ֆըրաթ» կեղծանունը: «Ես մարտահրավեր եմ նետում պատմության ընդունված տարբերակին, քանի որ սև ու սպիտակ չեմ գրում: Մարդիկ այստեղ սովոր են սև ու սպիտակին, դրա համար էլ ապշում են, երբ այլ երանգներ են հայտնաբերում»,- գրում է Դինքը:
Ձեռնոց Թուրքիայի կառավարությանը
«Պատմության գրված էջերը կատարվածի մասին են, իսկ սպիտակ էջերը՝ գալիքի: Հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից դարերից եկող ու դեպի դարեր գնացող մեր ընդհանուր ճակատագիրը դեռևս առջևում է: Գլխավոր հարցն այն է, թե այսօր այդ սպիտակն ինչպես ենք պատրաստվում լրացնել»:
Դինքն առաջիններից էր, ով Թուրքիայում հրապարակայնորեն սկսեց քննարկել Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի այն կողմերը, որոնց մասին արգելված էր գրել: Նա վստահ էր, որ հայկական, քրդական, հունական հարցերը պետք է լուծվեն միաժամանակ՝ ավելի լավ Թուրքիա ստեղծելու միջոցով:
Դինքը ժողովրդավարության ջատագով էր և չէր վախենում հայերի և թուրքերի խնդիրների լուծմանը նայել հենց այդ տեսանկյունից: Ըստ նրա պատկերացումների` հայերը և թուրքերը, հարգելով միմյանց, պետք է սովորեին երկխոսելու արվեստը: Նա կարծում էր՝ խնդիրը հայերի և թուրքերի միջև է, և այլ ազգերի միջնորդությունը երկու ժողովուրդների հարաբերություններին մշտապես խանգարել և թշնամացրել է նրանց: Ֆրանսիայում ընդունված օրենքից հետո, որը հանցագործություն էր համարում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտումը, Դինքը դեմ արտահատվեց այդ որոշմանը և անգամ, «Milliyet» թերթի պնդմամբ, գնաց Ֆրանսիա՝ ի նշան բողոքի։ Մյուս կողմից՝ Դինքը խորթ էր նաև թուրքական քաղաքական վերնախավի համար, որովհետև նրանց մոտ առկա էր այն կարծրատիպը, որ հայերը, դաշնակցելով Ռուսաստանի հետ, դավաճանել են Օսմանյան կայսրությանը: Պետք է նկատել, որ Թուրքիան հարյուր տարուց ավելի քողարկել է պատմական իրականությունը և այդ պատճառով ընդունել է օրենքներ, որոնց միջոցով շատ հեշտ կարելի է Թուրքիայի դեմ գործելու մեջ մեղադրել ցանկացած անձի: Իմանալով այս իրողությունը՝ Դինքը թուրք հասարակությանը ձեռնոց նետեց՝ պնդելով, որ Թուրքիան միայն ժողովրդավարության միջոցով կկարողանա բարգավաճել և իր սխալներն ուղղել, հաշտ ապրել հարևանների հետ: Հակառակ դեպքում նա մերժված կլինի Եվրամիության կողմից և ժամանակի ընթացքում կդառնա ասիական բարքերով հետամնաց երկիր:
Դինքը մեծագույն արժեք էր համարում ազատ, անկախ Հայաստանի ստեղծումը: Նրա պատկերացմամբ՝ ՀՀ-ն արդեն որպես անկախ պետություն կարող էր բանակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նրա կարծիքով՝ մենք հնարավորություն ունեինք Թուրքիայի հետ խոսել ոչ թե որպես եկեղեցական համայնք, ցաքուցրիվ սփյուռք, այլ որպես անկախ պետություն և պետական համակարգ: Եվ ըստ այդմ, Դինքը չափազանց կարևոր էր համարում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը՝ անկախ պատմական իրողություններից: Նա համարում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը չպետք է դրվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Տնտեսական, մշակութային, գիտական ոլորտների զարգացումը երկրների միջև խթան կհանդիսանար ապագայում ցեղասպանության հարցը երևան հանելու համար: Նրա կարծիքով՝ միայն ժողովրդավար Թուրքիան կկարողանար առերեսվել իր պատմության մութ էջերի հետ: «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել: Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի, հաճելի մարդկանց տպավորություն են թողնում: Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը: Որովհետև, նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»,- գրել է նա:
Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը։
Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում ցեղասպանության հարցը, Դինքը իր հարցազրույցներից մեկում երկխոսության կոչ է անում. «Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից»:
Երկու ինքնության կրողը
Դինքը հավասարապես ցավում էր ինչպես հայերի, այնպես էլ Թուրքիայի ժողովրդի ու թուրքահայերի համար: Նա իր զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրում. «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ: Առաջինը թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի, Երկրորդը՝ հայ եմ: Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց: Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են: Իմ որ ինքնությամբ ուզում եք՝ ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն»: (Հրանտ Դինք, «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան», 2009 թ., հետմահու):
Հռետորական խնդիրների տեսանկյունից, որը խանգարում է հայ-թուրքական երկխոսությանը, Դինքը հավատում էր, որ այս խոչընդոտները կարող էին հաղթահարվել հօգուտ թուրքահայերի։ Որպես հումանիստ՝ նա փորձում էր ծառայել իբրև կամուրջ և հաշտարար օղակ դառնալ հայերի և թուրքերի միջև։ «Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այս բեռը»:
Իր բացահայտումը հրապարակելուց ի վեր, ըստ որի՝ Սաբիհա Գյոքչենը՝ Թուրքիայի առաջին կին օդաչուն (ինչպես նաև Աթաթուրքի՝ երկրի հիմնադրի որդեգիր դուստրը) եղել է հայ, Դինքը դարձել է Թուրքիայի ծայրահեղական խմբավորումների թիրախը։ Հալածանքների է ենթարկվել մամուլում և կանչվել դատարան «թրքականությունը վիրավորելու» մեղադրանքով: 2007 թ. Հրանտ Դինքն սպանվեց իր գրասենյակի դռան առջև, ետևից գլխին արձակված երեք կրակոցից։ Նրա սպանությունը միջազգայնորեն դատապարտվեց և առիթ դարձավ Թուրքիայով մեկ (հատկապես Ստամբուլում) հանրահավաքների ու բողոքի ցույցերի, որոնց ընթացքում մասնակիցները բռնել էին «Մենք բոլորս հայ ենք» և «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» գրություններով պաստառներ։
Այսպիսով՝ Դինքի մահը Թուրքիայի նորագույն անցյալի շրջադարձային կետերից եղավ, ինչից հետո հնարավոր դարձավ բացեիբաց քննարկել արգելված թեմաներ, այդ թվում՝ թուրքական հասարակության մեջ փոքրամասնությունների խաղացած դերի հարցը։ Նրա ողբերգական մահվան հետևանքներից եղավ թուրք մտավորական շրջանակներում և առհասարակ թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանությանն առերեսվելու և այն քննարկելու ավելի մեծ պատրաստակամությունը։
Պատրաստեց Լուսինե ՕՀԱՆՅԱՆԸ
Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ