
«Շանթ Հարությունյանը համաձայն չէ պայմանական վաղակետ ազատման». Փաստաբան

Գրեթե երկու տարի անազատության մեջ գտնվող «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն օրերս ազատ արձակվեց, քանի որ դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը: Ըստ որոշ փորձագետների՝ այս որոշումը կապված էր ներհայաստանյան վերջին զարգացումներին:
168.am-ը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ իրենք միջնորդություն ներկայացնեն Շ. Հարությունյանին պայմանական վաղաժամկետ ազատելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական իրավիճակ է փոխվել:
Ի պատասխան՝ փաստաբանն ասաց. «Շանթ Հարությունյանը համաձայն չէ պայմանական վաղակետ ազատման: Այսինքն՝ այստեղ ուրիշ լուծումներ է պետք գտնել: Իսկ Վարդան Վարդանյանի մասով մի քանի օր առաջ Մնացական Մարտիրոսյանը մերժեց նրան ազատ արձակել»:
Ի. Պետրոսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ նրանք քաղբանտարկյալներ են. «Տեղյակ ենք, որ մեր նորընտիր վարչապետը հայտարարել է բազմիցս, որ երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ: Ակնկալիքներ կան, որ գործընթացներ կգնան, նրանք ազատ կարձակվեն»:
Հարցին՝ եթե Շ. Հարությունյանը դեմ է պայմանական վաղաժամկետ ազատման տարբերակին՝ ուրիշ ի՞նչ ձևով նրան կարող են ազատ արձակել, Ի. Պետրոսյանը պատասխանեց, որ երևի լուծում կգտնվի նրան անհապաղ ազատելու, այնուհետև՝ արդեն այդ դատական ակտերը վերանայելու հետ կապված: