«Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ». ՀՀ նախագահ
«Այսօր կարող ենք ասել, որ այսօր նոր հանրապետության առաջին օրն է, և այս օրը հաղթական է»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երեկվանից հետո մեր երկրում շատ բան է փոխվել. «Այսօր մենք ունենք նոր վարչապետ, երիտասարդները, ժողովրդի մեծ մասը հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան՝ երեկ»:
Հարցին՝ Դուք այդ հույսն ունե՞ք՝ ՀՀ նախագահն այսպես պատասխանեց. «Եթե այդ հույսը չունենայի, այստեղ չէի լինի»։
Լրագրողի ճշտող հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանն այդ հույսերը կարդարացնի՞՝ Ա. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ, և իմ ներդրումն անպայման պետք է ունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում՝ անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում՝ անիմաստ կլինեն այն բոլոր հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ: Այնպես որ, հույս ունեմ, որ վաղն, իսկապես, ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Դուք առաջադրվեցիք մի անձի կողմից, ում ամբողջ հասարակությունը մերժեց:
Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց. «Ես առաջադրվել եմ ՀՀ երրորդ նախագահի կողմից, կարող էի առաջադրվեր մյուսների կողմից, եթե կարողանային առաջադրել: Իմ խնդիրը նա չէ, թե ով է ինձ առաջադրել, այլ՝ այն, որ ես պատրաստ եմ և ծառայում եմ իմ երկրին: Նույն ԱԺ-ն, որ ընտրել է ինձ, ընտրել է նաև պարոն Փաշինյանին: Այնպես որ, խնդիրն այն չէ, թե ով առաջադրեց, ով ընտրեց, այլ՝ կարողանալու ենք արդյո՞ք բոլորս միասին մեր երկիրը դարձնել այն երկիրը, որ բոլորս երազել ենք»: