«Ես կստորագրեմ, որ ներդրողները կգան Հայաստան». Վալերի Գործունյան
Ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը վստահ է՝ հեղափոխությունից հետո Հայաստանում արդարության ու հավասար մրցակցության հաստատումը շատ արագ երկիրը տանելու է զարգացման ուղիով։ Այս մասին գործարարն ասաց 168.am-ի հետ զրույցում՝ հերքելով ՀՀԿ-ականների կանխատեսումները, թե Հայաստանին տնտեսական անկում է սպասվում։
«Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, ով 2011թ. վերջին հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից՝ իր ընկերությունը դատարանի որոշմամբ նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին անցնելու պատճառով, այժմ լիահույս է, որ ապագայում կրկին կարող է վերադառնալ Հայաստան ու բիզնես սկսել։ Մինչ այդ, ըստ նրա, անհրաժեշտ է, որ հեղափոխության առաջին փուլն իր ավարտին հասնի՝ մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ։
Վ. Գործունյանը նշեց, որ իր շրջապատում ամեն մարդ ուշադրությամբ հետևում էր այստեղ տեղի ունեցող իրադարձություններին, և շատ ուրախ է, որ այսպես՝ առանց արյունի, առանց որևէ վատ հետևանքների՝ հեղափոխությունը տեղի ունեցավ. «Բայց յուրաքանչյուր ոք, որ մի քիչ ճանաչում է Հայաստանը, մինչև երեքշաբթի անվստահություն ունի, ուզում են վստահ լինել, որ Նիկոլ Փաշինյանը կընտրվի, և հետո միայն ուրախանան, որ հաջողել ենք, և առանց վատ զարգացումների հեղափոխությունը կայացել է։ Ես անձամբ ընդհանրապես վստահություն չունեմ հանրապետականների վրա և միշտ վախենում եմ, որ նրանք ինչ-որ մի բան կարող են անել, և վերջին վայրկյանին ժողովրդի ցանկությունը կարող է չկատարվել»։
Ամեն դեպքում նա հույս հայտնեց, որ Փաշինյանը կընտրվի վարչապետ և կիրականացնի խոստացած արմատական փոփոխությունները։ Առաջինը, ըստ Վ. Գործունյանի, պետք է փոխվի արդարադատությունը, դատարանները, երկիրը դառնա արդար, արդարադատությունը զատված լինի քաղաքականությունից, ինչպես ժողովրդավարությունն է պահանջում, որն ընդհանրապես մինչև հիմա գոյություն չուներ Հայաստանում. «Եթե այդպես լինի, և Նիկոլ Փաշինյանը կարողանա փոխել, ես 2 տղա ունեմ որ 30 տարեկան են, ասում են՝ ինչո՞ւ չգնանք և ինչո՞ւ չներդնենք։ Այո, կգանք և կներդնենք, և վստահ եմ, որ շատերը կգան, որովհետև ով հայ է զգում իրեն և հայասեր է, չի կարող անտարբեր մնալ այս իրականությանը։
Դժբախտաբար, Հայաստանը մինչև հիմա սխալ ճանապարհով էր գնում, և շատերը, ոչ միայն սփյուռքահայերը, այլև հենց հայաստանցիները, լքել էին Հայաստանը, բայց եթե իրավիճակը լավանա, ես վստահ եմ, որ շատ հայեր կվերադառնան։ Ես վստահ եմ, որ ով ունի այդ հայասիրությունն իր մեջ, բայց չէր գալիս, որովհետև մոնոպոլիաներ կային, արդարություն չկար, ինչո՞ւ չպիտի գան։ Ես համոզված եմ որ գալու են։ Այդ թուրքական շրջափակումը, որ ասում են՝ չենք կարող այդպես ապրել, երկրորդական հարց է։ Կարևորը Հայաստանի ներքին քաղաքականությունն է»։
Վ. Գործունյանը նշեց, որ 1995-ին, երբ ինքը եկել և Հայաստանում բիզնես էր սկսել, շատ մեծ հույսեր ուներ, բայց չստացվեց, որովհետև ներքին խնդիր ուներ նախկին ամուսնու հետ. «Բայց առաջին անգամ էլ, երբ անկախ Հայաստանը կազմավորվեց, ով հայասեր էր, ուզում էր գալ, Հայաստանի տնտեսությանը մասնակցել։ Ես չներդրեցի Հայաստանում, որ հետո հետ գնամ։ Ստիպված հետ գնացի»։
Վ. Գործունյանի կարծիքով՝ հանրապետականների պնդումները, թե հեղափոխական շարժումն արդեն վատ է ազդել երկրի տնտեսության վրա, և ներդրողներին խրտնեցնում է, չի համապատասխանում իրականությանը. «Հակառակը, օլիգարխներն են մեղավոր, որ մինչև հիմա տնտեսությունը չի զարգացել։ Հաստատ հակառակն է լինելու։ Իրենք, իհարկե, կցանկանային, որ ոչինչ չփոխվի, որովհետև հարկեր չէին վճարում, մենաշնորհներ ունեին, և այլն, իսկ հիմա պետք է ստիպված վճարեն։ Բայց հիմա ինչո՞ւ պետք է չգան ներդրողները։ Ես կստորագրեմ, որ ներդրողները կգան Հայաստան»։
Հարցին՝ ինչքա՞ն ժամանակում կհաջողվի տնտեսությունը զարգացնել, Վ. Գործունյանը պատասխանեց, որ այդ հարցում ամենակարևորը կամքն է. «Մեզ թվում է՝ Փաշինյանն ու իր թիմակիցները կամք ունեն։ Հանրապետականները, կարծում եմ, անշուշտ փորձելու են խանգարել պարոն Փաշինյանին ամեն ձևով։
Եթե ինքը կարողանա հաղթահարել այդ ամեն ինչը, ես համոզված եմ, որ Հայաստանը կկարողանա շատ շուտ ոտքի կանգնել, որովհետև քաղաքական կամքի դեպքում, եթե տնտեսական միջավայրը մաքրեն լավ օրենքներով, ես համոզված եմ, որ և՛ ներդրողները, և՛ եվրոպական բանկերը պետք է օգնեն Հայաստանին, որ ավելի շուտ դուրս գա այս վիճակից։ Ես չեմ ասում՝ 1-2 տարում կլինի, բայց վստահ եմ, որ Հայաստանը զարգացման այդ ճանապարհը կբռնի, և դրական զարգացումներ կլինեն, որովհետև մենք փոքր երկիր ենք, մեծ երկիր չենք»։
«Եթե իրենք կարողանան այդ միջավայրն ապահովել, ես համոզված եմ, որ Հայաստանը պետք է շատ լավ երկիր լինի, և ամեն մարդ պետք է երազի գալ Հայաստան»,- հավելեց գործարարը։