«Հանրային ճնշումը պետք է չթուլացվի. Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում կարող է փողոցային պայքարն էլ գլխավորել». Ռուբեն Մեհրաբյան

«Ըստ ամենայնի՝ մենք վաղը կունենանք ՀՀ նոր վարչապետ՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ դրանով այն ճգնաժամը, որի մեջ գտնվում է Հայաստանը, ամենևին էլ չի հարթվում. «Մենք բավականին ծանր ճգնաժամի առաջ ենք այսօր: Այդ ճանապարհը թե՛ երկար է, թե՛ փշոտ, թե՛ նոր կառավարության համար՝ նաև ականապատված: Այդ կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու, և այնպես չէ, որ այն ձայները, որոնք կգան Նիկոլ Փաշինյանի օգտին՝ որպես վարչապետ, կլինեն իր քաղաքական հենարանը, և այդ նույն քանակի ձայները նոր կառավարությունը կստանա, երբ օրենսդրական նախաձեռնություններ կբերի այդ խորհրդարան: Մենք հասկանում ենք, որ քանի կա այս խորհրդարանը, այս մեծամասնությունը, ճգնաժամը հաղթահարված չի կարելի:

Դրանից հետո հաջորդ քայլը պետք է լինի վաղաժամ խորհրդարանական ընտրությունների հարցը վերջնականորեն լուծելը: Առաջիկա օրերին պետք է պարզ դառնան ժամկետները, թե ընտրական օրենսդրության մեջ ինչ նոր գաղափարախոսություն է մտնելու և դրան տրվեն շուտափույթ կերպով իրավաբանական ձևակերպումներ»:

Ռ. Մեհրաբյանը կարծում է՝ ՀՀԿ-ն ամեն ինչ կանի՝ արտահերթ ընտրություններ թույլ չտալու համար: Ըստ նրա՝ ոչ մի դեպքում հանրային ճնշումը թուլացնել պետք չէ:

Կարդացեք նաև

168.am-հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետի պաշտոնում փողոցն օգտագործել և հանրային ճնշումն ապահովել: Ի պատասխան՝ Ռ. Մեհրաբյանն ասաց. «Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն այսօր ունի մեկ հենարան՝ դա ժողովրդի կարծիքն է, ուրիշ հենարան չունի: Քաղաքական հենարանը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», շատ փոքր կուսակցություն է: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, դա նույնպես մեծ քաղաքական ուժ չէ: Այնպես որ, հանրային ճնշումը պետք է զուգորդվի քաղաքական քայլերի հետ»:

Մեր ճշտող հարցին՝ վարչապետը կարո՞ղ է գլխավորել փողոցային պայքարը. Ռ. Մեհրաբյանն այսպես պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ: Կարող է՝ հանրահավաք էլ հրավիրել, դուրս գալ և ելույթ ունենալ: Դա ամենևին էլ ամբոխավարություն չէ»:

Մանրամասները՝ 168.am-տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս