«Նման հայտարարությունները համարում ենք հայ ժողովրդի հանդեպ ատելություն առաջացնելու փորձ». Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն
«Комсомольская правда» ռադիոյի երկու թողարկումների ընթացքում ռուսաստանցի լրագրող Միխայիլ Լեոնտևի և քաղաքական գործիչ Միխայիլ Յուրիևի անամոթ արտահայտությունների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել.
«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, և, մասնավորապես, Հայաստանի համար դաշնակիչ Ռուսաստանի, որի պաշտոնական դիրքորոշումը արտացոլված է տարբեր հայտարարություններում:
Եվ չնայած հայտարարություններում նշված հստակ ձևակերպումներին, ռուսական հասարակության որոշ ներկայացուցիչներ, պարզ է՝ որ կողմերից ներկայացված, որոշել են խայտառակ կերպով խեղաթյուրել մեր երկրի ներքաղաքական իրադարձությունների էությունն ու դրանք ներկայացնել իրենց համար «լիովին շահավետ» լույսի ներքո՝ այդպիսով փորձելով սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև:
Մասնավորապես, խոսքը գնում է ռուսաստանցի լրագրող Միխայիլ Լեոնտևի և քաղաքական գործիչ Միխայիլ Յուրիևի անամոթ հայտարարությունների մասին, որոնք վերջիններս հնչեցրել են «Комсомольская правда» ռադիոյի երկու թողարկումների ընթացքում (ապրիլի 26-ի և մայիսի 3-ի թողարկումները), որոնք ոչ միայն առաջացրին խորը վրդովմունք Ռուսաստանի հայ համայնքի շրջանում, այլև ամբողջ Հայաստանի տարածքում: Լեոնտևը և Յուրիևը, որոնք սխալմամբ իրենց համարում են պատմության և հայ-ռուսական հարաբերությունների փորձագետներ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իրենց գնահատականներում ոչ միայն անցան թույլատրելի սահմանը, այլև թույլ տվեցին իրենց խոսել ամբողջ ժողովրդի և հայ-ռուսական հարաբերությունների մասին ամենացինիկ և վիրավորական կերպով:
Մենք նման հայտարարությունները համարում ենք հայ ժողովրդի հանդեպ ատելություն առաջացնելու և հայ-ռուսական բարեկամության և դաշնակցային հարաբերություններին վնաս հասցնելու փորձ:
Կարծում ենք, որ այս ամոթալի հռետորությունն ինքնին խոսում է այն մասին, որ հասարակության նման ներկայացուցիչները հանդիսանում են սպեկուլյատորներ, և նրանք այլ կերպ չեն կարող կոչվել:
Իհարկե, նման հայտարարություններին կարելի է պատասխանել նույնքան ամոթալի եղանակով՝ օգտագործելով անգամ ավելի վատ վիրավորանքներ, բայց, բարեբախտաբար, մենք «լեոնտևներ» և «յուրիևներ» չենք, որոնք դեռ պատասխան են տալու հայ ժողովրդի հասցեին հնչեցրած յուրաքանչյուր բառի համար:
Վստահ ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերները և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինները, ում մենք արդեն դիմել ենք, լիարժեք և օբյեկտիվ գնահատական կտան այդ հայտարարություններին»: