Բաժիններ՝

Հակահրդեհային վարժանքներ՝ «ՍԱՍ» սննդի և առևտրի կենտրոններում․ հայտնաբերվել են թերություններ․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեացնում է, որ շարունակում է ուսումնավարժություններ անցկացնել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Ըստ նախարարության հաղորդագրության, «ուսումնավարժանքի նպատակն է ստուգել անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը, վեր հանել և շտկել արձանագրված թերությունները»:

Մայիսի 5-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել Երևանի Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ» սննդի կենտրոնում և Իսահակյան 35 հասցեում գտնվող «ՍԱՍ» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում հանրային սննդի կենտրոնի աշխատակիցների և այցելուների տարհանումը» թեմայով:

«Ըստ ուսումնավարժանքի պլանի, հրդեհն առաջացումից հետո աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է, ծխապատ գոտում կան մարդիկ։ Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարհանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Ուսումնավարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ վարժանքի ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, մասնավորապես՝ «ՍԱՍ» սննդի և առևտրի կենտրոնում բացակայում են հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը։

«ՍԱՍ» առևտրի և սննդի կենտրոնների ցանցի ղեկավար կազմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱԻՆ մասնագետների հետ համատեղ սեղմ ժամկետներում շտկել արձանագրված թերությունները: Հակահրդեհային ուսումնավարժանքները «ՍԱՍ» առևտրի և սննդի կենտրոնների ցանցում շարունակվելու են», – ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս