Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահի թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) պաշտոնապես հայտարարել է, որ հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Սելահաթթին Դեմիրթաշն է, ով 2016 թվականից գտնվում է ազատազրկման մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Կուսակցության որոշման մասին հայտարարել է ԺԴԿ համանախագահ Փերվին Բուլդանը՝ նշելով. «Սելահաթթին Դեմիրթաշը միայն քրդերի թեկնածուն չէ, նա նաև այս երկրում բնակվող հայերի, ասորիների, ալևիների թեկնածուն է»:

Իր թեկնածության մասին պաշտոնական հայտարարության հնչեցումից հետո ընթերցվել է 2016 թվականի նոյեմբերից Էդիրնեի բանտում գտնվող Դեմիրթաշի ուղերձը: Նա դիմել է իր բոլոր կողմնակիցներին՝ ասելով, որ անելու է հնարավոր ամեն բան ընտրություններում հաղթելու համար: «Սակայն այստեղ ձեռքերս ու ոտքերս կապված են: Այժմ դուք եք իմ ձեռքը, իմ ձայնը»:

Դեմիրթաշը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում:

Սելահաթթին Դեմիրթաշը մասնակցել էր 2014 թվականի նախագահական ընտրություններին՝ հավաքելով 7 տոկոս ձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս