Կոսելնին չի մասնակցի Աշխարհի առաջնությանը
«Արսենալի» ավագ Լորան Կոսելնին վնասվածք ստացավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում:
Ֆուտբոլիստը վնասվածք ստացավ ոչ խաղային դրվագում, այդ պահին նրան շատ մոտ ոչ ոք չկար: Առաջինը Կոսելնիին ուշադրություն դարձրեց Դիեգո Կոստան: Ֆրանսիացի ֆուտբոլիստը բռնել էր աքիլեսյան գարշապարը: Արդյունքում, ֆուտբոլիստը չկարողացավ ոտքի կանգնել, և նրան խաղադաշտից դուրս բերեցին բժիշկները:
Ավելի ուշ Daily Mirror-ի լրագրող Ջոն Կրոսը հայտնեց, որ ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ է, և նա բաց կթողնի Աշխարհի առաջնությունը:
Սա առաջին անգամը չէ, որ Կոսելնին նման վնասվածք է ստանում: Նախորդ տարի նա նշել էր, որ ինքն ունի քրոնիկական խնդիրներ աքիլեսյան գարշապարի հատվածում:
«Ամեն առավոտ պետք է անել հատուկ մարզումներ: Ես գիտեմ, որ այս խնդիրն ինձ հետ է լինելու մինչև կարիերայիս ավարտը:
Շատ բարդ է, բայց պետք է շատ զգույշ լինել:Եթե թուլացնեմ մարզումների տեմպը, խնդիրը նորից կանհանգստացնի ինձ: Ես գիտեմ, որ ամեն օր պետք է անցնեմ դժվարությունների միջով, որպեսզի կարողանամ օգնել իմ թիմին»,- պատմել էր ֆուտբոլիստը նախորդ տարի:
Սիրարփի Աղաբաբյան