«Կարևոր է՝ ինչ փոփոխություններ կլինեն ուժային բլոկում». Ալեքսանդր Իսկանդարյան
«Շատ կարևոր է, թե ուժային բլոկն ինչպիսին կլինի, ինչ փոփոխություններ կլինեն ուժային կառույցներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ա. Իսկանդարյանը հակված չէ մտածել, թե ԼՂՀ հարցը կարող է լուծվել` կախված նրանից, թե ով կլինի երկրի ղեկավարը. «ԼՂՀ հարցը լրիվ այլ հարթության մեջ է, բանակցությունները վաղուց խնդրի կարգավորման շուրջ չեն գնում, այլ՝ լրիվ այլ հարցերի»:
168.am-ն Ա. Իսկանդարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականներն ԱԺ-ում հիմնականում քննադատություններ էին հնչեցնում, որ Ն. Փաշինյանը համապատասխան հմտություններ և փորձ չունի:
Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց, որ որպես վերլուծաբան՝ ինքն էթիկայից ելնելով՝ չի կարող գնահատական տալ մարդու անհատականությանը և նրա հմտություններին. «Բացի այդ՝ մենք չենք կարող գնահատել, որովհետև նա երբեք չի եղել զինվորական, որևէ գերատեսչության ղեկավար, և դրա համար ինչի՞ հիման վրա ես կարող եմ նրան գնահատել:
Ընդհանրապես, դա կախված է այն կադրային փոփոխություններից, որոնք տեղի կունենան Պաշտպանության նախարարությունում և, ընդհանրապես, ուժային բլոկում: Ես հակված չեմ պարոն Փաշինյանին համարել անխելք մարդ, ակհայտ է, որ նա այդպիսին չէ, ու այն առաջարկները, որոնք արվել են մինչ այսօր, դրանք ինչ-որ չափով ցույց են տալիս, որ ուժային բլոկը կարևորվում է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: