
Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կողմ կքվեարկի վարչապետի պաշտոնում «ժողովրդի թեկնածուին»: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Ալեքսանյանը: «Ես որոշել եմ քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին»,- նշեց Ալեքսանյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն կո՞ղմ եք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, նա պատասխանեց. «Այսինքն՝ որ ասում եմ՝ ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ինչ է դա նշանակում»: Ալեքսանյանը խուսափեց Նիկոլ Փաշինյանի անունը տալուց:
Իսկ դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում վերացնելու է մենաշնորհները, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ճիշտ էլ կանի: Ես մենաշնորհ չունեմ: Ես կողմ եմ, թող վերացնի բոլոր մենաշնորհները»: