Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցող չորս թեկնածու պաշտոնապես գրանցվել է
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ընդունել է երկրի նախագահական ընտրություններում մասնակցելու նպատակով չորս կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների դիմումները: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված որոշման համաձայն՝ որպես թեկնածու են գրանցվել «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամօլլղաօղլուն և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցության ղեկավար Վեջդեթ Օզը:
Բարձրագույն ընտրական հանձնաժողովը փաստաթղթերի անբավարարության հիմնավորմամբ երեք թեկնածուի գրանցում մերժել է:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մայիսի 3-ին որոշում է ընդունել նախագահական ընտրություններում գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրելու վերաբերյալ: Նրա թեկնածությունը պաշտոնապես սատարում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:
Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ակնկալվում է, որ իր թեկնածուին պաշտոնապես կհայտարարի մայիսի 4-ին:
Կուսակցությունները նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 5-ը:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի: