Բաժիններ՝

«Նոր Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում տնտեսության համար». Արտակ Մանուկյան

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Որքանո՞վ էին հիմնավոր հանրապետական պատգամավորների գնահատականները տնտեսության վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ մեսիջների բլոկը կարելի է բաժանել երկու մասի՝ զբոսաշրջություն և հնարավոր տնտեսական տեմպերի դանդաղեցում։

«Ասվածի մեջ որոշակի դրական տարրեր կան, հասկանալի է, որ կամայական անորոշությունը զբոսաշրջիկների մոտ ստեղծում է մտավախություններ, որովհետև զբոսաշրջիկի համար կարևոր մոտիվացիան անվտանգությունն է։ Բայց շնորհիվ նաև միջազգային ԶԼՄ-ների՝ դրա բացասական հետևանքները որոշակիորեն մեղմվել էին»,- նկատեց նա։

Տնտեսագետի խոսքով՝ նոր Հայաստանն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում, քան հենց նույն զբոսաշրջությունը։ «ՀՆԱ-ն մոտ 10.5 մլրդ դոլար ծավալ ունի, որի մեջ մտնում է ստվեր, որը մոտ 2.5 մլրդ դոլար է, հիմա այս փոփոխությունների արդյունքում հնարավոր է՝ այդ գումարը պետբյուջեի եկամտային մասը հավելյալ գեներացնի»,- ընդգծեց նա։

Արտակ Մանուկյանի խոսքով՝ զբոսաշրջային ծառայություններին պետք չէ շատ կարևորություն տալ. «Մենք մոտ 1.1 մլրդ դոլարի կարգի կարողանում ենք տուրիստական ծառայություններն արտահանել, մոտ 1.2 մլրդ դոլարի կարգի էլ մեր քաղաքացիները դրսում են ծախսում։ Եթե Հայաստանում ընդհանրապես զբոսաշրջիկ չլիներ, մենք կորցնելու էինք 1.1 մլրդ դոլար։ Իսկ ստվերն ի հայտ բերելը շատ ավելի մեծ հնարավորություն  է ստեղծում տնտեսությունը կենսունակ դարձնելու համար»։

Կարդացեք նաև

Կոլապսի մասին կանխատեսումները, ըստ նրա՝ չափազանցված են. «Շատերը մտահոգություն են հայտնում, որ ֆինանսական շուկայում կարող է լինել կապիտալի փախուստ, բայց ակնհայտ է, որ սա այն շուկան է, որը, թերևս, ամենաարագը պետք է արձագանքեր, եթե լիներ այդ կոլապսային վիճակը։ Հնարավոր դրական ակնկալիքներն ավելի շատ են, քան այն հնարավոր անկայությունը, որ կարող էր լինել։ Երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում ավելի շատ դրական սպասումներ կան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս