«Նախագծով ընտրական գործընթացներում մի քայլ առաջ ենք գնում, ինքը դրական միտում ունի». Արթուր Հովհաննիսյան
Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Արդարադատության փոխանախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախընտրական քարոզչության մի շարք սահմանափակումներ են մտցվում, մասնավորապես՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործելը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, նաև արգելվում է պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար, և այլն։ Ա.Հովհաննիսյանը նշեց, որ նորույթ է նաև այն, որ քարոզչությունից հրաժարվելուն պարտադրելը քրեական հանցանք է դիտվելու։
Փոխնախարարի խոսքով՝ հանվել է լրատվամիջոցների կողմից ընտրությունները լուսաբանելու համար լրագրողների հավատարմագրման թվի սահմանափակումը, որ նախկինում 50 էր սահմանվել, քանի որ ՍԴ-ն այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել։
«Նախագծով մենք ընտրական գործընթացներում մի քայլ առաջ ենք գնում, ինքը դրական միտում ունի»,- ասաց Ա.Հովհաննիսյանը՝ նկատելով, որ, թեև քաղաքական օրակարգում առաջիկայում ԸՕ-ի փոփոխության հարց է դրված, սակայն այս փոփոխությունը դրան ոչնչով չի խոչընդոտելու։