Երաշխիքներ տրվե՞լ են Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին. պատասխանում է Արարատ Միրզոյանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե բացի ժողովրդի գործոնից՝ ի՞նչ է փոխվել, որ ՀՀԿ-ն փոխել է դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խառնվել են իրար:

Ի պատասխան՝ Ա. Միրզոյանը հիշեցրեց, որ ինքը վարչապետի ընտրության օրը դիմել է ՀՀԿ-ին. «Նրանց ասացի՝ իրենք են մնացել ու իրենք պետք է որոշեն: Գուցե այլ գործիչներ, նախկին և ավելի նախկին ղեկավարներ փորձեն ինչ-որ ջղաձիգ շարժումներ անել, բայց մեծ հաշվով՝ այդ մարդիկ իրենց ֆիզիկական անվտանգության, չգիտեմ՝ ինչ անվտանգության երաշխիքներ ստանալու են, գնան, և այս մարդկանց ասելու են՝ կգնաք կողմ քվեարկեք: Ես այդ ուղերձը տվեցի»:

Հարցին՝ տրվե՞լ են այդ երաշխիքները, Ա. Միրզոյանն այսպես պատասխանեց. «Մենք առաջին օրվանից ենք ասել: Հասկացեք՝ մենք որևէ կուլիսների հետևում պայմանավորվածություններ, բանակցություններ, պայմանների սակարկում չենք անում: Ինչ մենք անում ենք, հրապարակային և թափանցիկ է:

Մենք առաջին իսկ օրվանից ենք ասել, որ ոչ միայն նրանք, այլև՝ բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով քաղաքական պատասխանատվություն են կրում վերջին տարիների երկրի իրավիճակի և քաղաքական կուրսի համար, բոլորն ունեն այդ ֆիզիկական անվտանգության երաշխիքները և բոլորը  կարող են չվախենալ սեփականության վերաբաշխումից և այլնից: Ամեն ինչ նորմալ է, մենք համերաշխությունը հենց այնպես չենք ասում: Մենք մարդականց ուզում ենք ասել՝ այլևս մի գնացեք ՀՀ-ի շահերի դեմ»:

Կարդացեք նաև

Լրագրողի հարցին էլ՝ դա քրեական պատմությունների՞ն էլ է վերաբերում, Ա. Միրզոյանը պատասխանեց, որ ինքն իրավասու չէ խոսել քրեականի մասին. «Եթե մենք չպետք է ունենանք անկախ դատական համակարգ, ապա ինչի՞ համար է այս ամեն ինչը մեր կողմից»:

168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք նրանց օրակարգում լինելո՞ւ է Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտում՝ հաշվի առնելով, որ Ն. Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ երկրի զարգացումը հնարավոր չէ՝ առանց այդ երկու գործերի բացահայտումների: Ի պատասխան՝ Ա. Միրզոյանն ասաց. «Մեր օրակարգում կա մի մեծ նպատակ՝ դա մեր երազանքների Հայաստանի կերտումն է, դա բաղկացած է բազմաթիվ կոմպոնենտներից, բայց առաջնային օրակարգում՝ ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումն է: Սա է մեր օրակարգի թիվ առաջին կետը: Ես նաև խնդրում եմ՝ շատ չճնշեք, ամեն ինչ արվելու է, բայց՝ հերթով»:

Տեսանյութեր

Լրահոս