
Թուրքիայի իշխող կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է Էրդողանի թեկնածությունը նախագահի ընտրություններում առաջադրելու մասին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցությունը պաշտոնապես որոշում է կայացրել կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կուսակցությունն Էրդողանի թեկնածությունն առաջադրելու համար հավաքել է 316 հազար ստորագրություն: Խմբակցության նիստի ժամանակ այս մասին հայտնել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մայիսի 2-ին ևս որոշում էր ընդունել այն մասին, որ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն Էրդողանն է:
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:
Թուրքիայի «Լավ» կուսակցության թեկնածուն Մերալ Աքշեներն է, իսկ «Վաթան» («Հայրենիք») կուսակցության թեկնածուն՝ կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Կուսակցություններն արդեն պաշտոնապես դիմել են Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողով: