
Անհրաժեշտ են բացառիկ ջանքեր. ՄԻՊ

Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը եւ համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների:
Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել լիարժեք ու գիտակցել, որ իր կարեւոր աշխատանքով կոչված է երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները:
Շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը: Խոսքը հատկապես վերաբերում է սոցիալական ցանցերին, որտեղ նկատվում է նաեւ ակնհայտ ատելություն եւ նույնիսկ թշնամանք կոնկրետ անձանց նկատմամբ:
Լրատվամիջոցներին ու լրագրողներին կրկին հորդորում ենք հեռացնել իրենց հրապարակումների ներքո ծավալվող՝ անհանդուրժողականություն ու ատելություն պարունակող մեկնաբանությունները: Ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը եւ գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակազմի կողմից ձեռնարկվում են առավելագույն ջանքեր՝ օրենքով նախատեսված իրավասության սահմաններում երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները: