«Ինչ անեք, մեղքը ձեր վիզն ա մնալու». Սասուն Միքայելյան

«Ես հիմա այս ամբիոնից հայտարարում եմ՝ թշնամու զորքերում ամբողջ գծի երկարությամբ ոչ մի տեղաշարժ չկա։ Այս պահի դրությամբ, ճշտված ամեն տեսակի, դուրս կգանք, կապացուցեմ, ոչ մի տեղաշարժ չի եղել։ Երևի ադրբեջանցիք ավելի խոհեմ են, քան թե մենք»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Ըստ նրա՝ այդ իմիտացիոն հայտարարությունները, որ ամեն անգամ արվել են, այլևս չեն անցնի. «Դուք էդքան մտածո՞ւմ եք Արցախի համար, մենք էլ չենք մտածո՞ւմ»։

Ս.Միքայելյանը հայտարարեց, որ իր ազատության համար մարտնչող երիտասարդությունը «զզվում» է ՀՀԿ-ականներից, որովհետև նրանք ճակատագրեր են խեղել։ Նա հարցադրում արեց, թե ո՞վ էր ՀՀԿ-ականների ձեռքը բռնել փոփոխություններ անելու, որ 2008-ից հետո բոլորին տարան, լցրեցին բանտեր. «Էսօր ո՞ւմ եք եկել լոլո կարդում, դուք պիտի դզե՞ք էս երկիրը։ Հնարավոր չի։ Երկիրը կարա ռելսերի վրա դնի այն ժողովուրդը, որ հիմա կանգնած ա իր ազատության համար պայքարի»։

Ս.Միքայելյանը հայտարարեց, որ իր ջոկատի տղաներին, քայլող լեգենդներին այնպես են ծեծել, ջարդել, որ Միքայելյանի վրա ցուցմունք տան, որ նա է եղել կազմակերպիչը։ Հիշեցնելով Մարտի 1-ը՝ Ս.Միքայելյանը նշեց, որ ոստիկանները հարգանքով մոտեցել են իրենց ու խնդրել դուրս գալ, բայց Թումանյանի արձանի կողմից հրոսակախումբ է մտել. «Էդ ջարդը, էդ ծեծը… ես հրամանատար եմ եղել դաշտային, բայց էդ ծեծը ես չեմ կարում մոռանամ։ Էդ ժամանակ ես հոդված էի գրել՝ ես նոր եմ հասկացել, թե Կոմիտասը ոնց ա գժվել»։

Ս.Միքայելյանի խոսքով՝ շարժման մեղավորը Փաշինյանը չի, այլ ՀՀԿ-ականներն են, որովհետև նրանք ուզում են ազատ ապրել. «Էս կրակի հետ խաղ մի՛ արեք»։

«Ժողովո՛ւրդ, մեռնեմ ձեզի, դուք իմ ախպերներն եք, իմ քուրերն եք, սա ուրիշ բան ա։ Ասում եք՝ թշնամին էսօր կհարձակվի։ Թշնամին հարձակվելու չի, թշնամին վախենում ա, ուզում ա, որ էս հայկական համախմբվածությունը չլինի»,- ասաց Ս.Միքայելյանը։

«Էս թույնած չի՞»,- ջուր խմելով՝ կատակեց ազատամարտիկը և մի պատմություն պատմեց, որ Հրազդանում իր ջոկատի անդամներից մեկին հեռացրել էին տեխնիկումից, ինքը գնացել է՝ պարզելու, թե ինչն է խնդիրը, և տեսել է, որ տղան բացակայել է դասերից, ընդամենը հաստատել են հեռանալը։

«Դուք հեռացել եք, էս ժողովուրդը եկել ա հաստատի՝ դուք չկաք, դուք չկաք, հասկացեք։ Չի կարելի ոչ մի աթոռ, ոչ մի գանձ ու գահ փոխել էս ժողովրդի հետ, մեռնեմ ձեզի։ Ես որպես ախպեր՝ խնդրում եմ՝ հասկացեք իրավիճակի լրջությունը,- հայտարարեց Ս.Միքայելյանը՝ շեշտելով, որ 88-ից հետո նման բան չի եղել, և այսօր ժողովուրդն իր ճակատագիրը կապել է Նիկոլ Փաշինյանի հետ,- Ինչ անեք, մեղքը ձեր վիզն ա մնալու»։

Տեսանյութեր

Լրահոս