«Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, հենց նա պետք է լինի վարչապետը». Էդմոն Մարուքյան

«Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանն այդ ե՞րբ ա իշխանության եղել, կարող ա՞ էլի ա վարչապետ եղել, չենք իմացել։ Ասում եք՝ 96-ին Փաշինյանն էր իշխանության, «Նաիրիտը» փակեցին։ Եթե հումոր եք անում, լավ, բայց եթե հումոր չեք անում, էդ ի՞նչ եք ասում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ իրավիճակը լարված է, և մարդիկ, կարծես, ելքեր են փնտրում, բայց քանի գնում է, երևում է, որ ելքեր չեն փնտրում, այլ փակուղու առաջ են տանում։ Է.Մարուքյանն ընդգծեց, որ ունենք քաղաքական նոր իրողություն, և դրա լույսի տակ պետք է ելք գտնել։ Տեղի ունեցած զարթոնքը, ըստ Է.Մարուքյանի, միայն դրական է։

Նա նշեց, որ դեռ 1 շաբաթ առաջ ինքն էլ էր մտածում, թե կա երրորդ ճանապարհ, բայց այսօր թավշյա հեղափոխությունը հասել է մի հանգրվանի, որտեղ պետք է այն ստանա սահմանադրական ձևակերպում։ Է.Մարուքյանը շեշտեց, որ հեղափոխության կանոն է, որ ով այն նախաձեռնել, կազմակերպել ու հաջող հասցրել է այսօրվա հանգրվանին, նա պետք է ստանձնի պատասխանատվությունը. «Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, հենց նա պետք է լինի վարչապետը»։

Է.Մարուքյանի կարծիքով՝ այս ճգնաժամի լուծման միակ տարբերակը հենց այսօր խորհրդարանում վարչապետ ընտրելու մեջ է։

Անդրադառնալով ՀՀԿ-ականների ելույթներին, թե աշխարհում լարվածություն է, Է.Մարուքյանը նշեց, որ իշխանությունն ամեն ինչ արել է, որ քաղաքական մոնոպոլիան հանգեցրել է քաղաքական ճգնաժամի, որի լուծումը վարչապետի ընտրությունն է։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այսօր քաղաքական ատելության մշակույթին վերջ դնելու խնդիրն է. «Հիմա ձեր ձեռքերում է, հարգելի՛ Հանրապետական կուսակցության գործընկերներ, երեք կուսակցությունները պատրաստ են կողմ քվեարկել։ Դուք այսօր կարող եք այնպես անել, որ Հայաստանը որևէ սանկցիայի տակ չընկնի, պարոն Մելիքյան, որ որևէ մեկը որևէ վնաս չտա Հայաստանին։ Սա այսօր ձեր ձեռքերում է։ Այլ տարբերակներով, օրինակ՝ եթե դուք դեմ քվեարկեք, եթե գնաք այս դահլիճից, ուրիշ ինչ անեք, չենք կարող դուրս գալ այս ճգնաժամից։ Սա իմ համոզմունքն է ու սա բխում է այսօրվա իրողություններից, փողոցում կանգնած մեր ՀՀ քաղաքացիներից»։

Է.Մարուքյանը նախազգուշացրեց, որ հեղափոխությունը պետք է նյութականացվի, այլապես կարող են լինել անցանկալի հետևանքներ. «Ուզո՞ւմ եք, որ Արցախն ավելի պաշտպանված լինի, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք՝ տնտեսությունը զարգանա, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք, որ Հայաստանը սանկցիաների տակ չընկնի, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզո՞ւմ եք, էդ որ ասում եք՝ տանկերը գալիս են, բայց իրականում չեն գալիս, չգան, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, որովհետև կայունությունը, քաղաքական ճգնաժամի լուծումն է, որ կարող է այս վիճակից հանի մեր երկիրը։ Մեր կողմից բոլոր քայլերն արված են, որ որևէ վատ հետևանք չլինի, և չի եղել»։

Է.Մարուքյանը նշեց, որ չի ուզում, որ ՀՀԿ-ից 6 պատգամավոր քվեարկի Փաշինյանի օգտին, այլ պետք է արժանապատվորեն բոլորը միասնական քվեարկեն, երկխոսությունը շարունակեն, երբ Փաշինյանը կներկայացնի ծրագիրը։

«Ես հույս ունեմ, որ իրապես խոհեմությունը, ողջամտությունը և պետականամետությունը մեզ կառաջնորդի։ Եվ թող Աստված պահպանի մեր երկիրը»,- եզրափակեց Է.Մարուքյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս