«Ո՞ւմ վրա է գալու ցունամին, կամ զենքի մասին խոսակցությունը համերաշխության ու սիրո շարժման գործի՞քն է». Կարեն Բեքարյան

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց, որ շատ բարդ է այսօր զգալ, տեսնել կամ պատկերացնել ճիշտ լուծումը՝ հաշվի առնելով, թե ինչ իրավիճակ ունենք, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է ճգնաժամ։

«Մեր գործընկերները խոսում են էներգետիկայի մասին, երիտասարդության նոր շունչ տված շարժման մասին, այո՛, նրանք ճիշտ են, դա կա,- արձանագրեց Կ.Բեքարյանը և հավելեց,- հիմա այդ էներգիան կառուցողական կլինի՞, մեր երկիրն առաջ տանող կլինի՞, սա շատ էական հարց է, որը, ես կարծում եմ, դրա պատասխանը խնդիր ունենք միասին հասկանալու»։

Կ.Բեքարյանի կարծիքով՝ սիրո և համերաշխության նշանաբանը կարող է կիրառվել, բայց կա հարցի մյուս կողմը՝ սոցցանցերից երևում է, որ սարսափելի վիճակ է, ատելության ու թշնամանքի այնպիսի սերմանում կա. «Մենք զգում ենք, որ դա ունենք, մենք ուզում ենք հերթական անգամ ջրբաժան գիծ գծել, ինչ-որ սև-սպիտակներով շարժվել, Հանրապետականը էս աշխարհի ամենաչար ուժն ա, գամված ա իրա աթոռներին և այլնին։ Ժողովո՛ւրդ, լավ էլի, ամեն ինչ էդքան պա՞րզ ա ու պարզունա՞կ է»։

Կ.Բեքարյանը կոչ արեց հրապարակներում հավաքված երիտասարդներին՝ ուշադիր լինել ԱԺ դահլիճի ելույթներին, թե ովքեր են միացել շարժմանը, ովքեր են խոսում ընտրակաշառքի, տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին. «Էդ ի՞նչ եղավ, բոլորը մի ակնթարթում մաքրվեցի՞ն, ամեն ինչ մոռացա՞ք, ստեղ կա Հանրապետականի խնդի՞րը»։

ՀՀԿ-ական պատգամավորը հարց ուղղեց երիտասարդներին՝ պատրա՞ստ են այդ ջինջ ու մաքուրը պահելու, ունենալո՞ւ է դրա հնարավորությունը։ Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում հեղափոխությունների ժամանակ եղել են մարդիկ, որ հավատացել են ու իրենց սիրտն են տարել Դանկոյի նման, բայց կարողացե՞լ են հասցնել, թե՞ ճանապարհին ձուկ բռնողներն այդ դափնիները գողացել են ամենալկտի ձևերով, ինչպես այսօր, զգալով, որ տալիս փախնում է, րոպեներ առաջ հայտարարություններով միացել են շարժմանը։ Նա հարցադրում արեց, թե ո՞ւմ վրա է գալու ցունամին, կամ զենքի մասին խոսակցությունը համերաշխության ու սիրո շարժման գործի՞քն է։

Կ.Բեքարյանը նշեց, որ բոլորը տեսնում են ներքաղաքական լարում, որում վտանգ կա, բայց մյուս մարտահրավերն է, որ Արևելքի ու Արևմուտքի շատ խոր դիմակայության շրջանում, երբ յուրաքանչյուր փոքր երկրի մի մաս այս կամ այն կողմն առաջացնում է այդ երկրի համար վտանգ, իսկ Հայաստանը վերջին տարիներին կարողացել է պահել բալանսը, իսկ հիմա ունենք իրավիճակ, երբ վարչապետի թեկնածուն հայտարարել է, որ գործ չունի ԵԱՏՄ-ի հետ։

Պատգամավորի խոսքով՝ ամիսների ընթացքում կարող է մարդու մոտ հասունացում լինել, բայց դրա ներքո կորել է վստահությունն աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում, և բալանսը խախտվել է։

«Երեխե՛ք, կանգնած Հանրապետության հրապարակում, դուք դրա՞ համար եք էս սկսել»,- ցուցարարներին դիմեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ վստահեցնելով, թե նրանց ուղերձը տեղ հասել է, այսուհետ որևէ իշխանություն չի կարողանալու արատների հանդեպ լինել անտարբեր, և չի կարելի տարաբնույթ պաստառների ներքո երկրը հասցնել սահմանագծի։

Կ.Բեքարյանի կարծիքով՝ քվեարկության ժամանակ Հանրապետականը կանգնելու է ջրբաժանի առջև՝ ներքին ճգնաժամի և արտաքին ճգնաժամի առաջացման պրոբլեմ. «Փորձեք դա հասկանալ։ Դա ահավոր կարևոր է։ Վերջը կա՞ լուծում։ Կարծում եմ՝ կա։ Ես շատ-շատ կուզեի, վստահ եմ, որ «Ելքի» մեր գործընկերները, մեր ընկերները շատ լավ հասկանում են այն ամենը, ինչ ես ասում եմ։ Իսկ կարո՞ղ է՝ մեզ պետք է գնալ ճանապարհով, որ մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտարարի, ոչ մի քվեարկություն չունենանք արդյունքում, մի շաբաթվա մեջ աշխարհին միասնական ուղերձ տանք, և մեզ էդ մամլիչի մեջ դնելու վտանգ չստեղծենք։ Չկա լավ ընտրություն, կա ընտրություն վատի ու ավելի վատի միջև։ Ձեր պայքարը, որը պետք է արդյունք տա տասնամյակներով, ու էս երկիրը, որ խորհրդարանական է դառնում իր մշակույթով, այսօր լրիվ ուրիշ վտանգների դաշտ է մտել։ Ճիշտ հասկացեք՝ դա աթոռների վտանգը չի»։

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքը վրդովվեցրեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանին։

«Ուրեմն, ինչ արել է «Ծառուկյան» դաշինքը, միացել է, ամեն ինչ ճիշտ կատարել է։ Ձեր չափերի մեջ մնացեք»,- հայտարարեց նա։

Տեսանյութեր

Լրահոս