«Սա մեր հակառակորդը պետք է ականջին օղ անի և շատ լավ իմանա». Սամվել Ֆարմանյան
«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ռազմական արկածախնդրության ցանկացած փորձ հանդիպելու է բռունցքված, համախմբված հայ ժողովրդի միասնական դիմակայությանը, այդտեղ չի գործելու քաղաքական որևէ բաժանում, որևէ հայացքների տարբերություն, և սա մեր հակառակորդը պետք է ականջին օղ անի և շատ լավ իմանա»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետի ընտրության քննարկմանը հետևում են ոչ միայն Հայաստանում։
Նա հայտարարեց, որ լրահոսում կան մտահոգիչ բաներ, որոնք հայտնի չէ, թե որքանով են ճիշտ, ընդհուպ՝ Միլի մեջլիսի պատգամավորներն առաջարկում են ԼՂ հարցով հրատապ նիստ հրավիրել։
Ս.Ֆարմանյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետւի թեկնածու խոսել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Շտաբի պետ Մովսես Հակոբյանի, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ու շտաբի պետի հետ, տեղեկանալ այս պահին առկա ռազմաքաղաքկան իրավիճակի մասին և եզրափակիչ ելույթում զեկուցել. «Դա շատ կարևոր տեղեկատվություն է այս պահին»։
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ 100%-ով պաշտպանում է պատգամավորի նախաբանում հնչած միտքը, և երկու կարծիք այդտեղ լինել չի կարող. «Որևէ կասկած չի կարող լինել, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում միասնական են, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը ճիշտ կվարվի, եթե դրանում համոզվելու գայթակղություն թույլ տա ինքն իրեն»։
Իրավիճակի լարվածության վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ լիցքաթափելու և կառավարելու լավագույն ձևն այն է, որ այսօր այս քննարկման արդյունքում ոչ թե խորացնեն ներքաղաքական ճգնաժամը, այլ հասնեն հանգուցալուծման։
Ն.Փաշինյանը հորդորեց հապճեպ հետևություններ չանել և ցուցաբերել լիարժեք սառնասրտություն. «Ես համոզված եմ, որ իրավիճակը 100%-ով վերահսկվում է և կշարունակի 100%-ով վերահսկվել»։