«Թող որևէ հանրապետական չակնկալի, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ մեզ պադեզդներում չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել»
«Այն, ինչ Հայաստանում ունի ՀՀ քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ, որովհետև անկախությունից ի վեր ՀՀ քաղաքացիներն ու քաղաքացիական ակտիվիստները՝ այն տարածքը, որ այսօր ունեն, սանտիմետր առ սանտիմետր, միլիմետր առ միլիմետր, ազատագրել են ապօրինության և բեսպրեդելի ճիրաններից։
Այդ ընթացքում զոհվել են ՀՀ տասնյակ քաղաքացիներ, այդ ընթացքում բանտերում են հայտնվել ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ, և թող որևէ հանրապետական չակնկալի, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ մեզ պադեզդներում չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել, և ընդհանրապես որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների և մեր սկզբունքների համար պետք է շնորհակալություն հայտնենք որևէ մեկին։ Խոսքը քաղաքացու մասին է։
Որովհետև այդ ամենը մենք նվաճել ենք սեփական քրտինքի, տառապանքների, մեր ընտանիքներին և երեխաներին զրկանքների ենթարկելով»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ նա ներքին հարցերում էլ իր դիրքորոշումները 180 աստիճանով չի փոխի։
Կ. Աճեմյանը հակադարձեց, թե մենք այլևս ապրում ենք խորհրդարանական երկրում, և այն բեռը, որ Փաշինյանը պատրաստվում է վերցնել իր ուսերին, շատ մեծ է։ Նա նկատեց, որ Ն.Փաշինյանի հայրն էլ չի ուզում նրան տեսնել վարչապետ։ Աճեմյանը հարցադրում արեց, թե արդյոք Փաշինյանը համոզվա՞ծ է, որ իր ստեղծած քարոզչամեքենան, որ այսօր նրան հերոսացնում է, վաղը չի զրոյացնելու, արդյոք չի՞ խարխլվելու պետության հիմքերը։
«Ես որևէ գործ չեմ սկսում, եթե համոզված չեմ լինում, որ այդ գործը կարող եմ տանել մինչև վերջ։ Ես կարծում եմ՝ որևէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրության ընթացքում այլ կերպ մտածելու»,- հակադարձեց Ն.Փաշինյանը։
Կ.Աճեմյանի հարցադրմանը, թե Ն.Փաշինյանի կողմնակիցները պահանջներ են հնչեցրել, որ պետք է հեռացվեն Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի նախագահները և գլխավոր դատախազը, ինչպե՞ս է դա արվելու, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ ինքը ծանոթ չէ այդ պահանջներին, բայց ցանկացած հարց քննարկելի է։