«Սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա». Նիկոլ Փաշինյան
«Սուպերվարչապետական համակարգն օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ Ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ՝ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, թե փոխվելո՞ւ է արդյոք սուպերվարչապետական համակարգն ու ոստիկանությունը, և ուժային կառույցները լինելո՞ւ են ԱԺ վերահսկողության ներքո։
Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է ստեղծվեն համապատասխան մեխանիզմներ, որ ամեն ինչ կախված չլինի միայն վարչապետի կամքից։ Ըստ նրա՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ։ Նա նկատեց, որ դրա համար օրենսդրական և սահմանադրական դժվարությունները հաղթահարելի են։
«Ես կարծում եմ, որ այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած վարչապետի ձեռքում և, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»,- ասաց Ն.Փաշինյանը՝ օրինակ բերելով, որ նախագահի ինստիտուտից բոլոր հնարավոր գործառույթները վերցնելը և նրան օֆիսային կարգավիճակ տալը խփում է ՀՀ պետության հեղինակությանը։
«Էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք, քննադատելով ինչ-որ երևույթներ, հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին՝ կիրառենք այդ լծակները։ Կնշանակի՝ փոփոխությունները չունեն որևէ իմաստ։ Ես հավաստիացնում եմ, որ մենք բավարար հարգանք ունենք մեր անցած ճանապարհի, ժողովրդի նկատմամբ, որպեսզի այդ բոլոր հարցերը լուծենք»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ մանրամասները պետք է քննարկվեն նպատակահարմարության տեսակետից, բայց հաստատ է, որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, և պետք է լինի նորմալ խորհրդարանական կառավարման համակարգ։