«Վիճակը նետված է, ժողովուրդը հաղթանակած է, և ժողովրդի հաղթանակն ու ցնծությունը պետք է արձանագրվի հենց այսօր տեղի ունենալիք քվեարկության արդյունքներով»
«Մարդիկ Հայաստանում իրենց տեր են զգում այլևս»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ որևէ բան չպետք է նսեմացնի հաղթանակի զգացումը։
Ըստ նրա՝ 90-ականների հաղթանակի զգացումը նսեմացվել է բոլոր մակարդակի ընտրությունների արդյունքների հետևողական կեղծման պատճառով, և հենց այդ պատճառով են խորացել Հայաստանի խնդիրները։
Ն.Փաշինյանի խոսքով՝ իրենց կառավարության առաքելությունն ազատ, անկախ, թափանցիկ, անառարկելի ինստիտուտների վերականգնումն է, որի համար հարկավոր է ուժեղ օրենսդրական դաշտ, բացառել կրկնաքվեարկությունը, ընտրակաշառքի բաժանումը։ Նա նշեց, որ ակնհայտ է, որ ընթացիկ քաղաքական գործընթացը պետք է պսակվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով՝ հնարավորինս կարճ ժամկետում։
«Հայաստանը և հայ ժողովուրդը վերածնունդ են ապրում, ազգային և պետական զարթոնքի մի երազային ժամանակաշրջան։ Այս զարթոնքը անկասելի է ու անշրջելի։ Եվ այսօրվա քննարկումն այն մասին չէ, թե ով ընտրվի ՀՀ վարչապետ։ Այս քննարկումն այն մասին է, թե ով է կիսում սեփական ժողովրդի ցնծությունը, բերկրանքն ու երջանկությունը, և ով է, որ իրեն չի կարող երջանիկ ու լավ զգալ, քանի դեռ չի դժբախտացրել սեփական ժողովրդին։
Վիճակը նետված է, ժողովուրդը հաղթանակած է, և ժողովրդի հաղթանակն ու ցնծությունը պետք է արձանագրվի հենց այսօր տեղի ունենալիք քվեարկության արդյունքներով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։