«Լավ, որ այդ հարցը տալիս ես Ծառուկյանին, չե՞ս ամաչում». Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին
«Կարեն Կարապետյանի հետ արդեն 1.5 տարի հանդիպում չեմ ունեցել, Սերժ Սարգսյանի հետ՝ նույնպես»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Դիտարկմանը՝ տեղեկություն կա, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ ժամ առաջ ինքն ու Սերժ Սարգսյանը հանդիպում են ունեցել, Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Եթե մենք հանդիպում ունենայինք… Դուք ասում եք, որ հրաժարականից 1 ժամ առաջ մենք հայտարարություն ենք արել, այո՞։ Հիմա ասեմ, որ, եթե տեղեկություններ չունեք, ունենաք․ համապատասխան ժողովրդական շարժմանն առաջին օրվանից պարոն Ծառուկյանը հետևել է։
Ծառուկյանը հետևում էր, ով ցանկացել է, բոլորը մասնակցել են՝ իմ կոլեկտիվում, տարածքում։ Իսկ երբ տեսա, որ պատգամավորներին կալանավորեցին, դուք բարի եղեք և նայեք՝ կալանավորման օրը Ծառուկյանը քաղաքական խորհրդի որոշում է հրապարակել, որ պետք է անմիջապես ազատ արձակվեն։ Երբ ձերբակալել են, այդ օրը Ծառուկյանը քաղաքական որոշում է հայտարարել, որ մենք պաշտպանում ենք պատգամավորներին, ժողովրդական շարժման կողքին ենք, և թույլ չենք տա, որ պատգամավորներին կալանավորեն։
Բոլոր պատգամավորներին հավաքել ենք և ասել, որ չպետք է թույլ տանք, որ պատգամավորներից անձեռնմխելիությունը վերցնեն։ Իմ հայտարարությունից հետո քաղաքական իրադրություն փոխվեց, դրա համար այդ ամենը եղավ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ համաժողովրդական շարժմանը միանալու և Փաշինյանին աջակցելու այս քայլը պատասխա՞ն էր 2015թ. հանրապետականների արած հայտարարությունների։ «Թույլ տվեք՝ այդ հարցը չմեկնաբանեմ»,- ասաց նա։
Իսկ հարցին՝ Փաշինյանն ասել է, որ, եթե գա իշխանության՝ Մարտի 1-ի էջը բացելու է, այդ մասով անհանգստանալու առիթ չունի՞, Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Մենք պատրաստ ենք և կողմնակից ենք եղել, որ ցանկացած բացահայտում, որ մեր ժողովուրդը տեղյակ լինի, մենք դրա կողմնակիցն ենք»։
Ճշտող հարցին՝ առնչություն չի՞ ունեցել Մարտի 1-ի հետ, նա պատասխանեց. «Լավ, որ այդ հարցը տալիս ես Ծառուկյանին, չե՞ս ամաչում։ Մարդիկ ընդունակ են հարգարժան մարդկանց վրա ցեխ շպրտել և նման հայտարարություններ անել։ Ծառուկյանն այն մարդն է, որ, եթե մի քայլ կատարած լիներ, դա անմիջապես բացահայտում կունենար, կամ ասենք թե՝ շարժման մասնակիցները կասեին։ Բայց այդպիսի բան չի եղել։ 2015թ. ամբողջ ազգն էր ոտի վրա, իսկ մի գիշերվա մեջ 630 հոգու իմ ակտիվներից կալանավորեցին։
Հայտարարել էին՝ Ծառուկյանը բարեգործություն է անում, որը պետք է ստուգենք, Ծառուկյանն իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին հանեց ոտի։ Ես էլ ասացի, որ պատրաստ եմ ամենն իմ վրա վերցնել, կալանավորված իմ ակտիվիստներին բաց թողեք, եկեք՝ իմ մոտ ստուգեք։ Ստուգեցին 1.5 տարի, համապատասխան որևէ տեղ բան չգտան։ Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ժողովրդի մատից փուշ անցնի։ Ամեն ինչի հասել եմ իմ աշխատանքով, և միշտ էլ կարողացել եմ ճիշտ պահել, ժողովրդի սերը վայելել»։
Նա նշեց, որ Փաշինյանը գրագետ և պատրաստված քայլ կատարեց, անցավ պատմության մեջ. «Ոչ մեկը չէր հավատում, որ Փաշինյանը կարող է այդպիսի հաջողության, հաղթանակի հասնել։ Սա մեր երիտասարդության պայքարն է։ Դա ոչ մեկի համար սպասելի չէր, իսկ այսօր, քանի որ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարականը տվել է, ժողովուրդն ազատ է, բոլորը կարող են դուրս գալ և իրենց խոսքն ասել։ Ժողովրդի 99.9 տոկոսը դժգոհ է եղել»։
Թե 2015 թվականին իրենց ինչո՞ւ չհաջողվեց նման պայքար մղել, նա պատասխանեց, որ իրենց և Փաշինյանի միջև կազմակերպչական հարցերում տարբերություն կա. «Բոլորը գիտեն իմ թափը, հզորությունը, բայց Փաշինյանն իր համար շրջելով, ասելով, ասում եմ՝ հալալ է իրեն, անհնարինը հնարավոր է սարքել»։